Ադրբեջանը գործում է այն ոգով, որով գործել է առնվազն այս տարվա սկզբից, այն է՝ ձգտում է ուժային ճնշում գործադրել Հայաստանի եւ Ղարաբաղի վրա, ինչպես նաեւ ակնարկում է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իր համար անցանկալի են։ Այս մասին  «Ուժի գործոն» հաղորդաշարի թողարկման ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ (МГИМО) Ժողովրդական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը։

Փորձագետը նշեց, որ դա տեղի է ունենում ի հեճուկս այն բանի, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ բոլոր գագաթաժողովների ամփոփիչ հռչակագրերը կետեր են պարունակում այն մասին, որ կողմերը հավանություն են տալիս ռուս խաղաղապահների գործունեությանը։ «Կարծում եմ՝ խնդիրն այստեղ այն է, թե ինչպես է զարգանում ռուսական հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում։ Բոլորին հասկանալի է, որ այս գործողությունը Ռուսաստանից մեծ ջանքեր ու ռեսուրսներ է պահանջում։ Միջազգային հարաբերությունների որոշ մասնակիցների թվում է, որ հենց հիմա, երբ Ռուսաստանի ուշադրությունը շեղված է, պետք է ճնշումը մեծացնել, քանի որ եթե այդ ճնշումը մեծանա, ապա Ռուսաստանը ինչ-որ պահի կզիջի եւ կվերանայի իր մոտեցումները ե՛ւ խաղաղապահ առաքելությանը, եւ տարածաշրջանային անվտանգության այլ հարցերին։ Չեմ կարծում, որ նման վերանայում հնարավոր է, բայց միեւնույն ժամանակ չեմ ակնկալում, որ ճնշումը կդադարի»,- նշեց փորձագետը։


Նրա կարծիքով՝ Ռուսաստանը էսկալացիայի ռիսկերն առաջին հերթին բանակցությունների միջոցով կնվազեցնի։ «Նման բանակցություններ ընթանում են, դրանք շատ ինտենսիվ են։ Բայց հանգամանքներն այնպիսին են, որ ճնշումներն, ըստ ամենայնի, կշարունակվեն, եւ, ցավոք, այդ ճնշման սահմանները, մասշտաբներն ու աստիճանը Ադրբեջանն այժմ գործնականորեն է ստուգում։ Տեսականորեն, ցավոք, ես չեմ կարող պատասխանել այն հարցին, թե որո՞նք են սահմանները, թեեւ կցանկանայի»,- հավելեց Սիլաեւը։