Հնդկաստանն ու Հայաստանը մեր ժամանակներում ռազմավարական առումով կարեւոր են միմյանց համար։ Սակայն, չնայած շահերը համընկնում են, երկկողմ կապերը դեռեւս բավական զարգացած չեն, Financial Express-ի համար իր հոդվածում գրում է Պրավեշ Կումար Գուպտան:
«Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ս.Ջայշանքարը Հայաստան է այցելել 2021 թվականի հոկտեմբերին, որը Հնդկաստանի արտգործնախարարի առաջին այցն է դարձել՝ 1992 թվականին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո։
Երկկողմ համագործակցության մակարդակը բարձրացնելու համար կան որոշ ոլորտներ, որոնք անհապաղ ուշադրություն են պահանջում՝ գյուղատնտեսություն, դեղագործություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ. երեք ուղղություններ, որոնցում Նյու Դելին եւ Երեւանը կարող են ընդլայնել իրենց գործընկերությունը: Երկու երկրների միջեւ ուղիղ ցամաքային հաղորդակցության բացակայության պատճառով երկկողմ առեւտուրը ցածր է իր պոտենցիալից։
Որոշ նկատելի նախաձեռնություններ են ձեռնարկվել առեւտրի ցածր ծավալների հետ կապված խնդիրները լուծելու համար։ Սակայն նման միջոցառումների իրականացման հարցում ձգձգում կա, ինչը խոչընդոտում է երկկողմ կապերի զարգացմանը։
Ներկայումս բանակցություններ են ընթանում Նյու Դելիի եւ Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի (ԱԱՀ) կնքման շուրջ։ Քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, այս ԱԱՀ-ի կնքումը կնպաստի երկկողմ առեւտրի ակտիվացմանը։ Բացի այդ, Հնդկաստանը եւ Հայաստանը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) մասնակիցներ են։ Այնուամենայնիվ, այս երկու երկրների միջեւ ավելի սերտ համագործակցություն է անհրաժեշտ՝ INSTC-ին որպես երկու երկրների միջեւ տրանսպորտային միջոց առաջ մղելու համար:
Ուկրաինական հակամարտությունից հետո փոփոխվող աշխարհաքաղաքական լանդշաֆտը INSTC-ը աշխուժացնելու հնարավորություն է տվել: Քանի որ Ռուսաստանը պնդում է դա, Նյու Դելին եւ Երեւանը նույնպես պետք է ակտիվորեն աջակցեն այս նախագծին։ Սակայն վերը հիշատակված երկկողմ համագործակցության ոլորտները խթանելու համար անհրաժեշտ է պահպանել ամենաբարձր մակարդակով երկկողմ փոխգործակցության հաջորդականությունը:
Հայ-հնդկական հարաբերությունների ռազմավարական չափումը
Հարավային Կովկասի փոփոխվող տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը լուրջ փորձության է ենթարկել հայ-հնդկական հարաբերությունները։ Թուրքիան, լինելով Ադրբեջանի դաշնակից, փորձում է դիրքավորել իրեն որպես տարածաշրջանային առաջնորդ եւ ուզում է ընդլայնել իր ներկայությունը նաեւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ Ադրբեջանը որպես մեկնարկային հարթակ է ծառայում Կենտրոնական Ասիա Թուրքիայի էքսպանսիայի համար։ Թուրքիայի եւ նրա մերձավոր դաշնակից Պակիստանի դիվերսիոն նպատակներին հակազդելը Հնդկաստանի եւ Հայաստանի շահերի առանցքային համընկնումն է։
Տարածաշրջանային աշխարհաքաղաքական այս փոփոխությունները նաեւ դրդել են Հնդկաստանին եւ Հայաստանին ամրապնդել իրենց հարաբերությունները: Կապի, անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցությունը դարձել է նրանց երկկողմ կապերի կարեւոր բաղադրիչը։ Պաշտպանական համագործակցությունը մեծ ներուժ ունեցող կրիտիկական ոլորտ է։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած զինված հակամարտությունը երկրին դրդել է զենքի արտահանման պայմանագիր ստորագրել Հնդկաստանի հետ։ Ըստ վերջերս ստորագրած արտահանման համաձայնագրի՝ Նյու Դելին Հայաստանին ռազմական զենք՝ հրթիռներ, ռեակտիվ արկեր եւ զինամթերք կմատակարարի:
Բացի այդ, առաջին անգամ Հնդկաստանից Հայաստան կարտահանվեն հայրենական հրթիռային բազմափող Pinaka նռնականետեր, հակատանկային հրթիռներ եւ զինամթերք։
Ավելի վաղ՝ 2020 թվականի մայիսին, Դելին եւ Երեւանը պայմանավորվել էին DRDO-ի կողմից մշակված SWATHI զենքը եւ թշնամու օբյեկտները՝ ականանետները, արկերը եւ հրթիռները 50 կմ հեռավորությունից հայտնաբերող 40 միլիոն դոլարի ռադարներ փոխանակել։
Այս ամենը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածությունը շարունակում է սրվել։ Վերջինս ամուր դիվանագիտական եւ ռազմական կապեր է պահպանում Պակիստանի եւ Թուրքիայի հետ։
Թուրքիան, Պակիստանը եւ Ադրբեջանը 2017 թվականին նախարարների եռակողմ համաձայնագիր են ստորագրել՝ պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու եւ ռազմական օգնության վերաբերյալ երկկողմ համաձայնագրերը ամրապնդելու համար։ Արդյունքում, Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ սպառազինության արտահանման վերջերս կնքված համաձայնագիրը ռազմավարական նշանակություն ունի։
Հնդիկ քաղաքական գործիչները մտադիր են ընդլայնել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը Հայաստանի տարածքով՝ Իրանի հարավ-արեւելքում գտնվող Չաբահար նավահանգիստը եւ Հնդկական օվկիանոսը Եվրասիային եւ Ֆինլանդիային (INSTC) միացնելու համար։ Լիարժեք շահագործումից հետո Չաբահարը կդառնա տարածաշրջանի ամենառազմավարական եւ բանուկ նավահանգիստներից մեկը: INSTC-ը, որը շատերը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հակակշիռ են համարում, մտահղացվել է 2000 թվականին՝ Հնդկաստանի, Իրանի եւ Ռուսաստանի կողմից: Այն նաեւ թույլ կտա հնդիկ եւ հարավարեւելյան Ասիայի այլ արտահանողներին հասնել Իրան եւ Կենտրոնական Ասիայի այլ երկրներ՝ խուսափելով Պակիստանից եւ Աֆղանստանից, որտեղ անվտանգության հետ կապված խնդիրները շարունակում են լուրջ խնդիր մնալ:
Եզրափակելով՝ ճիշտ կլինի արձանագրել, որ Հնդկաստանը եւ Հայաստանը ընդհանուր շահեր ունեն տարբեր ոլորտներում եւ անվտանգության ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա։ Իսկ պաշտպանության մասին երկու երկրների միջեւ կնքված համաձայնագիրը կարող է դռներ բացել անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման համար:
Հայաստանը նաեւ հարմար վայր է Հնդկաստանի համար, որպեսզի Հարավային Կովկաս դուրս գա, որտեղ Թուրքիան ձգտում է տարածաշրջանային առաջնորդ դառնալ։ Առեւտրի, տնտեսության եւ կապի ոլորտներից բացի, անվտանգության ոլորտում Հնդկաստանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եռակողմ փոխգործակցության ներուժ կա։ Սակայն այս ամենը պահանջում է Հնդկաստանի ակտիվ մասնակցությունը եւ Երեւանի պատասխան մոտեցումը։