Այլանդակություն է զոհվածների ծնողների զգացմունքներն օգտագործել քաղաքական հարաբերություններ կառուցելու համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու գործին:

«Երբեք Հայաստանում չպետք է տոն տրվի, որ զավակները պետք է պատասխան տան ծնողների համար: Հակառակը այո, ինչ-որ տեղ ծնողը պատասխանատու է, թե ինչ դաստիարակություն է տվել զավակին: Զավակներից պահանջել բարոյական կամ չգիտեմ ինչ պատասխանատվություն ծնողի վարքագծի համար: Սա շատ վատ տեղ կտանի մեզ, չի կարելի դա անել:


Հաջորդը, ցանկացած մարդ իրավունք ունի դժգոհել իշխանությունից, պետության ղեկավարից, պահանջներ ներկայացնել, բայց հաշվեհարդարի կոչերը հասարակությանը լրիվ ուրիշ տեղ կտանի:

Ես տեսնում եմ որոշակի հասարակական, քաղաքական դեմքեր, որ ինձ անգղներ են հիշեցնում, հենց մի դեպք է լինում, հավաքվում են իրավիճակը լարելու համար»,-ասաց նա:

«Եթե մեկը վեր է կենում եւ ասում՝ այսինչ պաշտոնյայի ֆիզիկական լիկվիդացումը լեգիտիմ իրավունք ունի, այդ մարդը պետք է հաջորդը օրը բանտում նստի, որովհետեւ նա պոտենցիալ հանցագործ է: Եթե ինչ-որ մեկն ասում է՝ վաղը էսինչ մեկին եթե տեսնեմ, պետք է խփեմ, էդ մարդը հաջորդ օրչը պետք է հայտնվի բանտում: Եթե որեւէ մեկն ասում է՝ «արի գնանք, քեզ ցույց տամ՝ ծնողդ ինչ է արել», պետք է ասել՝ դու էլ երեխա ունեիր կամ ունես, էս ի՞նչ ես անում: Ինչ կպ ունի երեխան, ինչու ես դիմում երեխային, ինչո՞ւ ես դիմում երեխային, գնա ծնողից պահանջի:

Այ սա մենք պետք է դատապարտենք, եւ եթե մենք այսպիսի վարքագիծ ունենայինք, էս դեպքը չէր լինի, կալանավորման վեճը չէր լինի, գիշերվա կեսին փողոցներ չէին փակի: բայց տեսեք ովքեր են կազմակերպում: Այդ ծնողի վարքագիծը հետեւանք է քաղաքական պայքարի այլասերված դրսեւորումների»,-հայտարարեց Վիգեն Խաչատրյանը: