Երևանի ավագանու ընտրություններում ֆավորիտները շարունակում են մնալ Տիգրան Ավինյանն ու Հայկ Մարությանը. սՍա են ցույց տալիս 800 երևանցիների շրջանում անցկացված հարցումները։ Այսօր՝ սեպտեմբերի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ամփոփելով սեպտեմբերի 5-6–ն անցկացված հարցումները։
Այսպիսով` հարցմանը մասնակցածների 16,3 տոկոսը քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Տիգրան Ավինյան), 11,8 տոկոսը` «Ազգային առաջընթաց կուսակցության» (Հայկ Մարության), 5,1 տոկոսը` «Մայր Հայաստան» դաշինքի (Անդրանիկ Թևանյան), 3,4 տոկոսը` «Հանրապետություն» կուսակցության (Արտակ Զեյնալյան), 3,6 տոկոսը` «Հանրային ձայն» կուսակցության (Արտակ Գալստյան), 3,8 տոկոսը` «Ապրելու երկիր» կուսակցության (Մանե Թանդիլյան), 3,3 տոկոսը` «Լուսավոր Հայաստան» կուսակցության (Դավիթ Խաժակյան), 2,7 տոկոսը` «Հաղթանակ» կուսակցության (Վիկտոր Մնացականյան) օգտին։
Մնացած տոկոսները բաշխվել են մասնակից մյուս ուժերի միջև։ 22,8 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 20 տոկոսն էլ հրաժարվել է հայտնել, թե ում օգտին է քվեարկելու։
«Այս ցուցանիշը, որ հրաժարվում են պատասխանել, բավականին բարձր է, մարդիկ դարձել են ավելի փակ, չեն ուզում կիսվել, միգուցե քաշվում են, միգուցե վախենում են»,– նշեց Նավասարդյանը։
Ի դեպ, հարցման մասնակիցների 55,3 տոկոսն ասել է, որ սեպտեմբերի 17-ին միանշանակ գնալու է քվեարկության, ընտրություններին միանշանակ չմասնակցելու որոշում է կայացրել 19,3 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել 3,3 տոկոսը։
Նավասարդյանը վստահ է, որ ովքեր դժվարացել են հարցին պատասխանել, միանշանակ չեն մասնակցելու ընտրություններին, ովքեր պատասխանել են «ավելի շուտ` այո», իրենք ևս ընտրություններին չեն գնալու, որովհետև ավելի կարևոր գործ են գտնելու։
«Բոլոր քաղաքական ուժերի աշխատանքի գոնե կեսը պետք է ուղղված լինի նրան, որ մասնակցությունը լինի հնարավորինս մեծ ու ստանանք հնարավորինս արդար պատկեր»,– ասաց Նավասարդյանը։
Գնահատելով ընթացքող նախընտրական քարոզարշավը` մասնագետն այն բավականին թույլ ֆորմատի անվանեց` հույս հայտնելով, որ քարոզարշավի երկրորդ կեսն ավելի ակտիվ է լինելու։
Հավելենք, որ հարցումների ժամանակ նաև երևանաբնակներին հարցրել են` ի՞նչ են կարծում` Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքակա՞ն է, թե՞ կառավարչի պաշտոն է։
44,1 տոկոսն ասել է, որ կառավարչի պաշտոն է և 41,3 տոկոսն էլ կարծում է` քաղաքական։
Նավասարդյանը հիշեցրեց` ապրիլին հրապարկված տվյալներով` հարցվածների 58,3–ը կարծում էր Երևանի քաղաքապետի պաշտոնը կառավարչի պաշտոն է, իսկ 37,2-ը` քաղաքական։ Այնպես որ, բավականին նկատելի ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական են համարում։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 կուսակցություն և 1 դաշինք.
- «Հայաստանի եվրոպական» կուսակցություն,
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն,
- «Ուժը հայրենյաց» կուսակցություն,
- «Հանրային ձայն» կուսակցություն,
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն,
- «Հաղթանակ» կուսակցություն,
- «Ապրելու երկիր» կուսակցություն,
- «Հանրապետություն» կուսակցություն,
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն,
- «Արդար Հայաստան» կուսակցություն,
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
- «Մայր Հայաստան» դաշինք («Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ)։