Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի հայերի վրա Ադրբեջանի հարձակման և դրան հաջորդած բռնի գաղթի հետևանքով տարածաշրջանը շուտով կդատարկվի հայերից՝ ավելի քան երկու հազարամյակի ընթացքում առաջին անգամ, The Human Exploring Society (THES) գիտավերլուծական հարթակում գրում է Ֆինլանդիայի Աբո ակադեմիայի հուդայագիտության ամբիոնի դոցենտ և Շվեդիայի Լունդ համալսարանի Աստվածաբանության և կրոնական հետազոտությունների կենտրոնի և Մերձավոր Արևելքի առաջադեմ հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Սվանտե Լունդգրենը։
«Սա ողբերգություն էր, որից կարելի էր խուսափել։ The New York Times-ը վերջերս գրել էր, որ այն, ինչ այժմ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, «գրեթե ոչ ոք չէր կանխատեսում»։ Ոչինչ սրանից ավելի սխալ չի կարող լինել: Հայերը, ինչպես նաև նրանք, ովքեր հետևել են հակամարտությանը, վաղուց զգուշացնում էին, որ դա տեղի կունենա»,- նշում է փորձագետը։
Լունդգրենն ընդգծում է, որ համաշխարհային հանրությունը և նրա ինստիտուտները, ներառյալ ԵՄ-ն, հնարավոր է, թույլ են տվել Ադրբեջանին մարսել իր ռազմական արկածախնդրությունները, ինչը միայն առաջ է մղել Բաքվին։
«2022 թվականի ամռանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն այցելեց Բաքու և համաձայնագիր կնքեց Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարման վերաբերյալ։ Այդ ժամանակից ի վեր նա մի քանի անգամ գովաբանել է երկիրը որպես «ԵՄ-ի համար հուսալի էներգետիկ գործընկեր»:
Գոտեպնդված այս աջակցությամբ՝ մի քանի ամիս անց Ադրբեջանը հարձակում սկսեց ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հենց Հայաստանի ներսում գտնվող մի քանի տարածքների վրա։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի անվիճելի և միջազգայնորեն ճանաչված տարածքի ավելի քան 100 քառակուսի կիլոմետր։
ԵՄ-ն կարող էր միայն զսպվածության կոչ անել և հանգստացավ, երբ երկու օր անց մարտերը դադարեցին»,- նշում է հոդվածագիրը։
Լունդգրենը հիշեցնում է, որ 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը սկսեց Լաչինի միջանցքի շրջափակումը, որը միակ կապն է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։
«Ավելի քան ինը ամիս, քանի դեռ շրջափակումը շարունակվում էր, արևմտյան առաջնորդները դատապարտում էին և պահանջում Ադրբեջանից վերացնել այն։ Բայց այս պահանջի հետևում չկային ուժային միջոցներ, և չկային պատժամիջոցներ կամ նույնիսկ պատժամիջոցների սպառնալիքներ։
Ադրբեջանի կառավարությունը հասկացել է այս ազդանշանները։ Դուք կարող եք հումանիտար ճգնաժամի ենթարկել ավելի քան 100,000 մարդու, նույնիսկ նրանց դնել ցեղասպանության եզրին, չանելով ոչինչ, բացի բանավոր դատապարտումից»,- գրում է նա։
Վերջին սրացումներից հետո ԵՄ տարբեր հայտնի ներկայացուցիչներ հերթական անգամ դատապարտեցին ուժի կիրառումը և տարբեր կոչեր հնչեցրին։ Նրանք կարծես չեն տեսնում այն, ինչ իրենց դիմաց է. ավտորիտար պետությունների ագրեսիվ ծրագրերը չեն կասեցվում դատապարտումներով և կոչերով։ Շատ ավելի կտրուկ միջոցներ են պահանջվում, նշում է փորձագետը։
Ադրբեջանը պնդում է, որ նրանց չեն պարտադրել դա անել, նրանք ինքնակամ են փախել։ Մակերեսային առումով դա ճիշտ է, քանի որ ոչ մի ադրբեջանցի զինվոր նրանց բռնի ուժով չի հեռացրել։
Բայց նրանք ինքնակամ չեն փախչում։ Նրանք հայտնվել են մի իրավիճակում, երբ այլ ելք չունեն»,- գրում է նա։
Լունդգրենն իր հոդվածում հիշեցրել է, որ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հինգ օր առաջ ԱՄՆ կառավարության խոսնակն ասել էր, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի էթնիկ զտումը Լեռնային Ղարաբաղում։ Հիմա դա տեղի է ունեցել, և Վաշինգտոնը, կարծես թե, հանդուրժում է դա՝ դատելով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների բացակայությունից։
Նա ընդգծում է, որ նախկինի պես Ադրբեջանի ծրագրերով մտահոգվելու պատճառներ կան։
«Ղարաբաղի հայերին ճնշելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկնեց այն, ինչ նախկինում ասել էր. այն, ինչ նա անվանում է «Արևմտյան Հայաստան» նա դիտարկում է որպես պատմական ադրբեջանական տարածք, որը, հետևաբար, Ադրբեջանն իրավունք ունի հետ վերցնելու։
Սրանով նա նկատի ունի Հայաստանը։ Այդ ծրագրերում նա ունի Թուրքիայի լիակատար աջակցությունը։ Առաջին թիրախը լինելու է Հայաստանի հարավային հատվածը՝ Սյունիքի մարզը...
Արևմուտքի կողմից վճռական գործողություններ են անհրաժեշտ, որպեսզի ագրեսիվ ադրբեջանական վարչակարգն իր ներկայիս հաղթական մղումով չդիմի նոր ռազմական արկածախնդրության: ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել այս ռեժիմի դեմ, ինչի կոչը վերջերս արել են Եվրախորհրդարանի ավելի քան 60 անդամներ տարբեր կուսակցական խմբերից:
Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա պետք է հետևանքներ ունենա։ Եթե Բաքվի վարչակարգն անպատիժ մարսի սա, դա կոգևորի նրան շարունակել իր ագրեսիան հայերի դեմ: Սա վտանգավոր ազդանշան կլինի մյուս ավտորիտար պետությունների ղեկավարների համար։
Լեռնային Ղարաբաղում այժմ ծավալվող ողբերգության դասն այն է, որ բանավոր դատապարտումներն ու կոչերը չեն կանգնեցնում ավտորիտար պետությունների ագրեսիան։ Միայն վճռական միջոցները կարող են դա անել»,- եզրափակել է Լունդգրենը: