Բոլիվիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ Գազայի հատվածի վրա իր հարձակումների պատճառով, իսկ Կոլումբիան և Չիլին հետ են կանչել իրենց դեսպաններին խորհրդակցությունների համար, հայտնում է Reuters-ը։
Հարավային Ամերիկայի երեք երկրներ քննադատել են Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա և դատապարտել պաղեստինցի խաղաղ բնակիչների մահը։
Բոլիվիան «որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները իսրայելական պետության հետ՝ ի նշան Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիվ և անհամաչափ ռազմական հարձակման մերժման և դատապարտման», մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փոխարտգործնախարար Ֆրեդի Մամանին։
Երեք երկրները կոչ են արել դադարեցնել կրակը, ընդ որում Բոլիվիան և Չիլին պնդում են, որ մարդասիրական օգնությունը հասցվի այդ գոտի և մեղադրում Իսրայելին միջազգային իրավունքը խախտելու մեջ:
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հարձակումներն անվանել է «պաղեստինյան ժողովրդի ջարդ»:
Լատինական Ամերիկայի այլ երկրներ, ինչպիսիք են Մեքսիկան և Բրազիլիան, նույնպես կոչ են արել դադարեցնել կրակը: «Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, Իսրայելի վարչապետի խելագարությունն է, ով ցանկանում է ջնջել Գազայի հատվածը երկրի երեսից», - ավելի վաղ հայտարարել էր Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան:
Բոլիվիան առաջին երկրներից է, որը խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ Գազայի հատվածում պատերազմի պատճառով՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակման:
Բոլիվիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ 2009 թվականին ձախակողմյան նախագահ Էվո Մորալեսի կառավարության օրոք՝ նաև ի նշան Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ բողոքի։ 2020 թվականին աջակողմյան ժամանակավոր նախագահ Ժանին Անեսի կառավարությունը վերականգնել էր հարաբերությունները։
«Մենք մերժում ենք Գազայի հատվածում իրականացվող ռազմական հանցագործությունները։ Մենք աջակցում ենք միջազգային նախաձեռնություններին՝ միջազգային իրավունքի համապատասխան մարդասիրական օգնություն տրամադրելու համար»,- երկուշաբթի օրը սոցիալական ցանցերում ասել է Բոլիվիայի նախագահ Արսեն։
Գազայի հատվածի առողջապահական մարմինները հայտնում են, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 8525 մարդ, այդ թվում՝ 3542 երեխա: ՄԱԿ-ի պաշտոնյաներն ասում են, որ Գազայի խաղաղ բնակչության ավելի քան 1,4 միլիոնը (մոտ 2,3 միլիոն մարդ) անօթևան է