Գիտնականները պարզել են, որ Քովիդը մարդու ուղեղից մինչև 20 տարվա կյանք է խլում։ Որոշ հիվանդների համար վարակի հետևանքները գանգուղեղի լուրջ վնասվածք են հիշեցնում: Սրա վերաբերյալ հետազոտություն է հրապարակվել News-Medical ամսագրում։
Դեռևս համավարակի առաջին տարիներին բժիշկները ուշադրություն էին դարձրել «ուղեղի մշուշի»՝ հոգնածության, հիշողության և կենտրոնացման հետ կապված մի շարք խնդիրների, վրա: 2022 թվականին կատարված ուսումնասիրության համաձայն, Քովիդով վարակված հիվանդների 46%-ը բողոքում է այս խնդրից։ Լիվերպուլի համալսարանի Ինֆեկցիոն նյարդակենսաբանության լաբորատորիայի տնօրեն Բենեդիկտ Մայքլի գլխավորած գիտնականների թիմը հետազոտություն է անցկացրել այն հիվանդների շրջանում, որոնք մեկ տարի առաջ ապաքինվել են կորոնավիրուսից։
Մասնակիցները ճանաչողական ունակությունների թեստ են հանձնել, կատարվել է արյան նմուշառում և ուղեղի սկանավորում: Ինչպես պարզել են գիտնականները, ուղեղի որոշ հատվածներ, որոնք կապված են ուշադրության հետ, ծավալով նվազել են, իսկ մի շարք բիոմարկերների հիման վրա կարելի էր անգամ գլխուղեղի վնասվածք ախտորոշել: Քովիդով հիվանդանալուց հետո ուղեղը, կարծես, միանգամից 20 տարով ծերացել էր։
Հետազոտողները դեռևս չեն պարզել՝ արդյո՞ք, «ուղեղի մշուշը» ընդմիշտ ուղեկցելու է ապաքինվածին, թե՞ վարակի հետևանքները շրջելի են։ Ըստ նյարդահոգեբան Կարլա Լ. Ջոնսոնի, իրենց աշխատանքի կարևորագույն արդյունքներից մեկն այն ապացույցներն են, որ «մշուշն» իրական է, և դրա վերաբերյալ բողոքները հորինվածք չեն: Մեկ այլ հետազոտության համաձայն, շատ հիվանդներ դժվարանում էին բժիշկներին համոզել ֆիզիկական ինչ-որ հիվանդության գոյությունը, որը նրանք չէին կարողանում ճշգրիտ նկարագրել: