Հյուսիսային Ամերիկայում 2017-ին տեղի ունեցած արևի ամբողջական խավարման ժամանակ ԱՄՆ-ում գրանցվել էր մահացու ելքով վթարների կարճատև, սակայն զգալի աճ։ Այս տարվա ապրիլի 8-ին սպասվող արևի ամբողջական խավարման ժամանակ ևս կարող է գրանցվել մահացու ելքով ավտովթարների աճ, JAMA Internal Medicine ամսագրում հրապարակված հոդվածում զգուշացնում են գիտնականները։
Ուսումնասիրության համահեղինակ, Տորոնտոյի համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դոնալդ Ռեդելմայերն ասել է, որ վթարների աճը կապված չէ Արեգակի խավարման ժամանակահատվածում լույսի պակասի հետ: «Խնդիրը մոտակա ժամերն են, երբ մարդիկ ճանապարհորդում են դեպի խավարումը դիտելու վայրը և հատկապես դրանից հետո ժամերը»,- Live Science-ին ասել է Ռեդելմայերը՝ հավելելով, որ իրենց հատկապես անհանգստացնում են այն ժամերը, երբ մարդիկ տուն են վերադառնում։
2017-ի խավարման ժամանակ Երկրի վրա այն հատվածը, որտեղից հնարավոր էր դիտել արևի ամբողջական խավարումը, տարածվում էր մոտ 113 կիլոմետր լայնության վրա։ Այդ հատվածում մարդիկ կարող էին ամենաերկարը դիտել արևի ամբողջական խավարումը։ Մոտ 20 միլիոն մարդ ԱՄՆ-ում մեկնել էր մեկ այլ քաղաք, որպեսզի հայտնվեր այդ գոտում։
Այս տարվա ապրիլի 8-ի խավարման ժամանակ վերոնշյալ հատվածում գտնվողները կկարողանան հետևել ամբողջական խավարմանը մոտ 2,5-ից 4,5 րոպե՝ կախված իրենց գտնվելու վայրից: Այդ գոտու սահմաններից դուրս գտնվող դիտողները կկարողանան տեսնել միայն մասնակի խավարումը:
Հաշվի առնելով, որ 2017-ի խավարումն առաջացրել էր նման ծանր երթևեկություն, Ռեդելմայերը և ուսումնասիրության համահեղինակ, Բրիտանական Կոլումբիայի համալսարանի կլինիկական դոցենտ պրոֆեսոր, դոկտոր Ջոն Սթեփլսը ցանկացել են պարզել, թե արդյոք դա կապված է կյանքի համար վտանգավոր ճանապարհատրանսպորտային պատահարների հետ: Եվ այդ նպատակով նրանք վերցրել են Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչության մահացության վերլուծության հաշվետվության համակարգի տվյալները, որը գրանցում է ԱՄՆ-ի հանրային ճանապարհներին մահացու ելքով բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարները:
Նրանք ուշադրությունը կենտրոնացրել են 2017-ի օգոստոսի 21-ի խավարմանը նախորդող և հաջորդող եռօրյա պատուհանի վրա և այդ տվյալները համեմատել են եռօրյա պատուհանից մեկ շաբաթ առաջ և հետո տեղի ունեցած վթարների հետ: Բացի դրանից՝ նրանք օգտագործել են ԱՄՆ ռազմածովային ուժերի հաշվիչը՝ յուրաքանչյուր վթարի ժամանակը առավելագույն խավարման ժամանակի համեմատ որոշելու համար՝ ելնելով վթարի վայրի լայնությունից և երկայնությունից:
Արդյունքում, նրանք պարզել են, որ խավարումը հանգնեցրել է մահացու ելքով վթարների 31% աճի: Գրեթե նույնքան աճ է գրանցվում հիմնական տոների ժամանակ (Գոհաբանության օր, Հուլիսի 4), երբ մարդիկ ճանապարհորդում են երկրի այլ վայրեր: Այլ կերպ ասած, խավարման ժամանակ շուրջ մեկ ժամում մահացու վթարի է ենթարկվել մոտ 10,3 մարդ, այն դեպքում, երբ սովորական օրերին վթարի է ենթարկվում 7,9 մարդ։ «Սա միջինը կազմում է մեկ լրացուցիչ վթարի մասնակից յուրաքանչյուր 25 րոպեն մեկ և մեկ լրացուցիչ վթարի զոհ յուրաքանչյուր 95 րոպեն մեկ»,- գրում են հետազոտողները:
Ժամանակի առումով ռիսկը տատանվել է․ խավարումից առաջ այն բարձրացել է միջինից, խավարման ժամանակ իջնել ցած, իսկ բուն իրադարձությունից հետո հասել իր ամենաբարձր մակարդակներին, որը միջինից բարձր է եղել գրեթե 50%-ով: Ռիսկի վտանգները ավելի բարձր են եղել այն վայրերում, որտեղ երկինքը պարզ է եղել, քան ամպամած վայրերում, ինչը կարող է բացատրվել նրանով, որ մարդիկ ձգտել են գնալ այնտեղ, որտեղ երկինքը պարզ է, որպեսզի կարողանան դիտել խավարումը։
Ապրիլի 8-ի խավարումից առաջ Ռեդելմայերն ասել է, որ իրենց նպատակն է խորհուրդ տալ, որպեսզի հետևեն ճանապարհային երթևեկության անվտանգության բոլոր կանոններին, որպեսզի հնարավորինս խուսափեն վթարներից։
Հարկ է նշել, որ նոր ուսումնասիրությունում նշվում են միայն մահացու ելքով վթարները: Ռեդելմայերն ասել է, որ ոչ մահացու ելքով վթարների մասին իրենք պարզապես տվյալներ չունեն: Ուսումնասիրությունում նաև չեն տարբերակվում այն դեպքերը, երբ մարդիկ արևի խավարումը դիտելու նպատակով չէ, որ հայտնվել են երթևության մեջ և վթարի ենթարկվել։