Հուլիսի 3-ին աշխարհի տարբեր բնապահպանական կառույցներ և կազմակերպություններ նշեցին Առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրը: Օրվա խորհուրդն է մարդկանց իրազեկել, որ աշխարհն առանց պլաստիկի օգտագործման հնարավոր է: Այն 2016 թվականի սեպտեմբերին մեկնարկած Break Free from Plastic Movement-ի մի մասն է, որին միացել են շուրջ 1500 տարբեր կազմակերպություններ: Շարժումը լուծումներ է փնտրում պլաստիկի աղտոտվածության ճգնաժամի համար՝ մոլորակն ավելի անվտանգ դարձնելու մարդկանց, շրջակա միջավայրի և վայրի բնության համար:

2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելված է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը։
Օրենսդրական կարգավորումների շրջանակներում բացառություն են կազմում երկրորդային հումքից պատրաստված տոպրակներն ու պարկերը, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար։ Դրանց վաճառքն ու իրացումը չի արգելվում։
Որպես այլընտրանքային լուծումներ շուկայում այսօր որոշակիորեն լայն կիրառություն ունեն բազմակի օգտագործման տոպրակները, արդեն իսկ գործում են դրանց արտադրությամբ զբաղվող բազմաթիվ արտադրություններ։


«Յուրաքանչյուր ոք, սկսած արտադրողից մինչև վերջնական սպառող պետք է ամենայն պատասխանատվությամբ հարգի և խստագույնս պահպանի ՀՀ օրենսդրությամբ ամրագրված այս սահմանափակումը՝ հանուն մեր մաքուր հայրենիք ունենալու միասնական նպատակի»,- նշված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության մեջ: