Սեպտեմբերի 7-ից Երևանի տարածքում գտնվող նշանավոր Կարմիր բլուր հնավայրում պեղումներ է իրականացնում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժի հնագիտական արշավախումբը, որը հայկական կողմից համաղեկավարում է հնագետ-ուրարտագետ, Պատմական գիտությունների թեկնածու, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը, իսկ ռուսական կողմից՝ հնագետ, Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժի տնօրենի օգնական Յուլիա Մարչենկոն:


Պեղումների մասին մանրամասներ է ներկայացրել Միքայել Բադալյանը.

«Ներկայումս ընթացող պեղումներն ընթանում են 2023 թվականի ապրիլին Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժի և Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում: 2024 թվականի փետրվարի 14-ին պետական Էրմիտաժում բացվեց «Էրեբունի թանգարանի անկյունը»: Այդ օրը պետական Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկու հետ քննարկումների ժամանակ վերջնական համաձայնություն եկանք՝ վերակենդանացնել Կարմիր բլուրի հայ-ռուսական արշավախումբը :

 

Ներկայումս ընթացող պեղումների արդյունքում հայ-ռուսական արշավախմբի կողմից ֆիքսվել է արդեն երկու դամբարան: Այս դամբարանները նոր երևույթ են Կարմիր բլուրի համար: Դրանք բաղկացած են կրոմլեխից՝ մոգական շրջանակից, դամբանախցից, որը ծածկվել է դամբանասալերով, այնուհետև դամբարանը պատվել է զրահով: Պետք է նշել, որ նման դամբարաններ Կարմիր բլուրում հայտնաբերվում են առաջին անգամ:

Երեկ և այսօր պեղվեց գտնված դամբարաններից մեկը: Արդյունքները խիստ տպավորիչ են: Բացվել է աջ կողմի վրա, կծկված վիճակում գտնվող տղամարդու թաղում: Վերջինս, ամենայն հավանականությամբ, եղել է սոցիալական բարձր դիրք ունեցող անձնավորություն, ըստ երևույթին՝ խիստ բարձր հեղինակություն ունեցող զինվորական: Այդ է վկայում նրա հետ դրված ուղեկցող նյութը: Այսպես, հայտնաբերվել են վեց սափորներ՝ այդ թվում՝ մեկ ծորակավոր անոթ, բրոնզե նիզակ, բրոնզե խարսխաձև սակր, բրոնզե մանգաղատիպ դանակ, բրոնզե ապարանջան, երկաթե դաշույն, երկաթե «բիզ», ուլունքատիկներ: Անչափ ուշագրավ է, որ Կարմիր բլուրում մինչ օրս պեղվել է շուրջ 300 դամբարան, բայց երբեք չէր գտնվել սակր:


Հիմա մյուս հետաքրքիր դրվագի մասին: Ֆիքսվեց նաև հանդերձյալի բրոնզե «պորտյուպեն»՝ իր բրոնզե շրջանաձև ամրակապով: Ֆիքսվեցին փայտի և կտորների մնացորդներ:

Ելնելով պեղված նյութից և հնագիտական կոնտեքստից՝ դամբարանը նախնականորեն կարելի է թվագրել Ք. ա. 13-11-րդ դարերով»։