Հանրահայտ է, որ մեր ուղեղը, մասնավորապես՝ ուղեղի բջիջները, հիշողություն են պահպանում։ Բայց Նյու Յորքի գիտնականների խումբը հայտնաբերել է, որ մարմնի այլ մասերի բջիջները նույնպես կարող են հիշել, ինչը նոր ուղիներ է բացում՝ հասկանալու համար այն, թե ինչպես է աշխատում հիշողությունը, եւ պոտենցիալ է ստեղծում ուսուցանման եւ հիշողության հետ կապված հիվանդությունների բուժման բարելավման համար։
«Ուսուցումը եւ հիշողությունը սովորաբար ասոցիացվում են միայն ուղեղի եւ նրա բջիջների հետ, բայց մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ օրգանիզմի այլ բջիջներ եւս կարող են սովորել եւ հիշողություններ ձեւավորել»,- նշել է Նյու Յորքի համալսարանի աշխատակից, հետազոտության առաջատար հեղինակ Նիկոլայ Կուկուշկինը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում։
Ավելի լավ հասկանալու համար, թե արդյոք գլխուղեղին չպատկանող բջիջները օգնում են հիշողություն ձեւավորել, գիտնականներն օգտվել են վաղուց հայտնի նյարդաբանական հատկությունից՝ միջակայքային կրկնության էֆեկտից, որը ցույց է տալիս, որ մենք ավելի լավ ենք հիշում ինֆորմացիան, եթե այն ուսումնասիրում ենք ժամանակի որոշակի միջակայքերում, այլ ոչ թե մեկ ինտենսիվ սեանսով, որն ավելի հայտնի է որպես անգիր անել քննությունից առաջ, տեղեկացրել է «Научная Россия»-ն։
Գիտնականները հետազոտությունում վերարտադրել են ուսուցման պրոցեսը ժամանակի մեջ՝ լաբորատորիայում ուսումնասիրելով մարդու երկու տեսակի բջիջներ (մեկը՝ նյարդային հյուսվածքից, մյուսը՝ երիկամի հյուսվածքից) եւ դրանք ենթարկելով քիմիական տարբեր ազդանշանների ազդեցությանն այնպես, ինչպես ուղեղի բջիջներն են ենթարկվում նեյրոտրանսմիտերների ազդեցությանը, երբ մենք ուսումնասիրում ենք նոր ինֆորմացիան։ Ի պատասխան՝ բջիջները ներառել են «հիշողության գենը», այն նույն գենը, որն աշխատում է ուղեղի բջիջներում, երբ դրանք հայտնաբերում են ինֆորմացիայի օրինաչափությունը եւ վերակառուցում իրենց կապերը հիշողությունների ձեւավորման համար։
Հիշելու եւ ուսանելու պրոցեսը վերահսկելու համար գիտնականներն ստեղծել են լուսավորվող սպիտակուց, որն ազդարարել է, երբ հիշողության գենն աշխատել է։ Արդյունքները ցույց են տվել, որ այդ բջիջները կարողացել են որոշել, թե երբ են քիմիական ազդակները, որոնք նմանակել են ուղեղում նեյրոմեդիատորի բռնկումներին, կրկնվել, այլ ոչ թե պարզապես երկարացվել, այնպես, ինչպես նեյրոնները մեր ուղեղում կարող են գրանցել, թե երբ ենք մենք սովորում ընդհատումներով, այլ ոչ թե սերտում ենք ամբողջ նյութը մի նստելով։ Մասնավորապես, երբ ազդակները ճնշվել են ժամանակի որոշակի միջակայքում, բջիջները ներառել են «հիշողության գենն» ավելի ուժեղ եւ ավելի երկար ժամանակ, քան նույն ազդեցությունը գործադրվել է անմիջապես։
«Դա ցույց է տալիս, որ սովորելու ունակությունը միջակայքային կրկնության հիման վրա ուղեղի բջիջների համար ոչ թե ունիկալ է, այլ, ըստ էության, կարող է լինել բոլոր բջիջների հիմնարար հատկությունը»,- ասում է Կուկուշկինը։ Հետազոտողներն ավելացրել են, որ ստացված արդյունքները ոչ միայն հիշողության ուսումնասիրման նոր միջոցներ են բացահայտում, այլեւ մատնանշում են պոտենցիալ օգուտն առողջության համար։
«Հայտնագործությունը նոր հնարավորություններ է տալիս հասկանալու, թե ինչպես է աշխատում հիշողությունը, եւ կարող է հանգեցնել ուսուցման եւ հիշողության հետ կապված խնդիրների բուժման արդյունավետ միջոցների»,- նշել է Կուկուշկինը։ «Միեւնույն ժամանակ, հետազոտությունը վկայում է այն մասին, որ ապագայում մենք մեր մարմնին պետք է վերաբերվենք ճիշտ նույն կերպ, ինչպես ուղեղին, օրինակ՝ հաշվի առնենք, որ մեր ենթաստամոքսային գեղձը հիշում է այն մասին, թե ինչպես ենք մենք փորձել անցյալում արյան մեջ պահել գլյուկոզայի մակարդակը, կամ հաշվի առնել, որ քաղցկեղային բջիջը հիշում է այն մասին, թե ինչպես է անցել քիմիաթերապիան»։