Մեր բանակը մեզանից ամեն մեկի եղբայրն է, որդին, զինակիցն ու ընկերը:
Ահա այս աքսիոմատիկ ճշմարտությամբ եմ ուզում սկսել պատմել տպավորություններս այն մասին, որ ստացա Արցախ կատարած մեր այցելության ժամանակ: Այցի նպատակն էր գնալ ու տեսնել թե ինչպիսի՞ պայմաններում են անցկացնում իրենց ծառայությունը մեր դիրքապահ զինվորներն ու նաև նրանց ասելու, որ իրենք մենակ չեն, իրենց թիկունքն ամուր է և նրանք կարող են մեզ վրա հույս դնել, ու դա գործով ցույց տալու:
Ճանապարհվում էինք «Եղնիկներ»՝ Հայաստան աշխարհի ամենաշքեղ գագաթներից մեկի՝ Մռավի փեշերին գտնվող զորամաս: «Եղնիկներում» առաջին անգամ էի լինելու: Մեզ հետ գրքեր ենք տանում, որովհետև, ծառայել եմ ու գիտեմ, որ զորամասում միշտ կան գիրք կարդալ ուզող զինվորներ, ու եթե զորամասի գրադարանը հարուստ է, զինվորի ծառայությունն ավելի բովանդակալից է անցնում: Իսկ իսկապես արժեքավոր գրականությամբ հարստանալու կարիք ունի անգամ ամենահարուստ գրադարանը: ՈՒ մենք որոշեցինք, որ «Եղնիկների» գրադարանը պետք է ամենահարուստներից մեկը դառնա Հայոց բանակում:
Լսել էի Շահեն Մեղրիյանի, «Եղնիկներ» ջոկատի մասին, լսել էի, որ Մռավի գագաթին հենակետ ունենք, որը ձմեռվա վառելափայտով ապահովելու համար տղերքը ստորոտից մինչև գագաթ շարք են կանգնում ու փայտը ձեռքից - ձեռք փոխանցելով են հասցնում հենակետ: Լսել էի ու չէի եղել:
Շատ են խոսում թշնամու զինատեսակների, ռազմական բյուջեի ու թվաքանակային առավելության մասին, բայց ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա դրանք ենթարկվում են մարդու ոգուն և կամքին: Ու հենց դրա համար էլ մեզ առաջին հերթին հետաքրքրում էր սահմանի իրավիճակն ու սահման պահող զինվորի տրամադրությունը:
Բանակից հեռու մարդը երևի չի պատկերացնի, թե 18 տարեկանը ինչպես պետք է խաղաղություն վաստակի ու թուրքին իր տեղը ցույց տա: Ու հենց այդպիսի մարդիկ պետք է ճանաչեն Հարութին ու իր զինվորներին, ովքեր դա շատ լավ պատկերացնում են ու առիթը բաց չեն թողնում հիշեցնելու թշնամուն, թե ով է այս զինադադարը խնդրել և ով է պարտադրել այն…
Իմ պատմության հերոսը Հարութն է՝ սերժանտ, ջոկի հրամանատար: Պահում է Մռավի գագաթին գտնվող մեր ամենակարևոր դիրքերից մեկը, որտեղից բացվում է զավթված Շահումյանի շրջանի համայնապատկերը: Առաջնորդի որակներն աչքի են ընկնում միանգամից. զինվորների համար հեղինակություն է: Այդ ամենը տեսնելով էլ հրամանատարությունը նրան սերժանտ է կարգել ու հաստատ չի սխալվել: Բայց ամենակարևորը՝ Հարութն իրեն համարում է Շահեն Մեղրիյանի գործի շարունակող, ինքն է դա ասում, ու զգում ես, որ անկեղծ է: Մասնագիտությամբ քանդակագործ է, ու երկու շաբաթ Մռավի գագաթին դիրք պահելուց հետո, իր ազատ ժամանակի հաշվին այս տարվա մայիսին կանգնեցրել է 1702-1728թթ. Գանձասարի կաթողիկոս և Արցախի ազատագրական պայքարի առաջնորդ Եսայի Հասան-Ջալալյանի կիսանդրին: Հիմա էլ աշխատում է Շահենի կիսանդրու վրա, որ, ինչպես ինքն է ասում վաղը զինվորը մտնի զորամաս ու տեսնի Շահենին, իմանա, թե ով է եղել Շահենը, հենակետից տեսնի Շահենի ավերված շենը՝ Գյուլիստանն, ու իմանա թե ինչ ունի ազատագրելու:
Հարութի նման սերժանտներ էլի կան, վստահ եմ, որ կլինեն տարբեր զորամասերում, լավ փնտրել է պետք: Ասել, թե բոլորն են այդպիսին սուտ կլինի, բայց որ նման սերժանտներ կան Հայոց բանակում, ու քիչ չեն՝ փաստ է: Այլ հարց է, որ պետք է ավելի շատ լինեն, ու այդ ուղղությամբ անելիք անշուշտ կա:
Զորամասում աչքովս ընկավ զորքին ուղղված պաշտպանության նախարարի ուղերձը: Վերցրեցի, սկսեցի թերթել, ու հանդիպեցի մի մտքի, որ ինձ շատ կարևոր թվաց: Սեյրան Օհանյանը գրում է. «ինձ համար մեծ ցավ է, որ պատերազմի վիթխարի դժվարությունների միջով անցած, իր ժողովրդի համար հաղթանակ նվաճած, ամբողջ աշխարհի հիացմունքին արժանացած և տարածաշրջանում ամենամարտունակը համարվող, ամեն օր սահմաններում իր առաքելությունը լավագույն մարտական պատրաստվածությամբ իրականացնող Հայոց բանակը ինչ-ինչ անդաստիարակների, անհետևողականների, անսկզբունքայինների պատճառով նսեմանում է իր ժողովրդի աչքում։ Սա յուրաքանչյուրիս համար ինքնասիրությանը հարված պետք է լինի»։
«Եղնիկների» նորանշանակ հրամանատարը՝ գնդապետ Աղաջանյանը 17 տարեկանից կռվել է, պատերազմում կորցրել հորն ու 4 եղբայրեներին: Նման մարդը չի կարող չհասկանալ Սեյրան Օհանյանին: Ու դրա համար էլ գնդապետ Աղաջանյանի նմաններին Սեյրան Օհանյանն իր ուղերձում դիմում է որպես զինակից ընկեր: Ու եթե «Եղնիկների» նման պատասխանատու զորամասի հրամանատարը գնդապետ Աղաջանյանն է, ուրեմն Սեյրան Օհանյանի զինակիցն է, ու նշանակում է, որ անդաստիարակներին, անհետևողականներին ու անսկզբունքայիններին «Եղնիկների» տեղ չի լինելու: Ու պատահական չէ, որ նորանշանակ հրամանատարը նկատել է Հարութին ու ներկայացրել պարգևատրման, որովհետև հենց Հարութի նման տղերքի վրա պետք է իր աշխատանքում հենվի բանակին նվիրված, պատվախնդիր հրամանատարը:
Բարի ծառայություն մաղթենք Հարութին ու մեր բոլոր զինվորներին… Շնորհակալություն տղերք մեր ամեն հերթական խաղաղ օրվա համար:
Դավիթ Պարյան