Երեկ խորհրդարանում մեկնարկեց «Եվրաքվեն»՝ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումը, որը հեղինակել են Հայաստանի արտախորհրդարանական արեւմտամետ` իրականում իշխանության կցորդ մի քանի ուժեր, քաղաքացիական նախաձեռնության տեսքով, որոնք հավաքել են մոտ 60 հազար ստորագրություն: Գաղտնիք չէ, որ հայաստանյան բնակչության մի ստվար հատված ցանկանում է Հայաստանը տեսնել ԵՄ կազմում։

Նախագծի քննարկումը խորհրդարանում երեկ կիսատ մնաց եւ կավարտվի այսօր, սակայն ՔՊ-ականների վերաբերմունքից եւ ներքին ինֆորմացիաներից պարզ է դառնում, որ իշխանության նպատակը բացարձակապես Եվրամիությանն անդամակցությունը չէ, այլ դրանով այսրոպեական խնդիրների լուծումը: Հակառակ պարագայում` քննարկվող նախագծին գոնե օրենքի եւ նորմատիվ իրավական ակտի տեսք կտային, նման անգրագետ ձեւակերպումներով ու իրավական պարտադիր նորմ չպարունակող տեքստով չէին ներկայացնի խորհրդարան: Եվ ողջ գործընթացը չէին դարձնի ծաղրի առարկա։

Չնայած նախագծի քննարկման համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 5-ժամյա ռեժիմ սահմանեց՝ փորձելով ցույց տալ, թե որքան են իրենք կարեւորում նախագիծը, որ դրան հատուկ դիրքորոշում են ցուցաբերում, քանի որ 5-ժամյա ռեժիմը ենթադրում է պատգամավորների 10 րոպեանոց ելույթներ` ի տարբերություն սովորական ռեժիմի, որոնք 2-ական րոպե են սահմանում: Սակայն քննարկման ընթացքը եւ ՔՊ-ականների վերաբերմունքը ցույց տվեցին, որ նրանք մատների արանքով են նայում, եթե չասենք` լուրջ չեն վերաբերվում այս գործընթացին։ ՔՊ-ականներից հատուկենտ մարդիկ գրանցվեցին՝ հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանին հարցեր տալու համար: Հարցերն էլ բուն գործընթացին չէին առնչվում, դիցուք` Սերգեյ Բագրատյանն ավելի շատ մտահոգված էր ԵԱՏՄ շուկան կորցնելու վտանգից: Իսկ հարցեր տալու համար հերթագրվել էր հիմնականում սորոսական թեւը: Մարիա Կարապետյանը, Սոնա Ղազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Զարուհի Բաթոյանը, եւս չորս պատգամավոր հարցեր ունեին զեկուցողին։ ՔՊ-ի ծանր հրետանին ընդհանրապես բացակայում էր դահլիճից, եւ պատերի տակ անգամ ոմանք հեգնում էին, որ սա քննարկում է «ոչնչի մասին»։

Մենք քանիցս գրել ենք, որ ՔՊ-ում անցած ամիսներին տեւական քննարկումներ են ծավալել ԵՄ գնալու հարցի շուրջ, եւ մեծամասնությունը, ռիսկերը հաշվարկելով, հորդորել է Փաշինյանին՝ չշտապել: Ուստի անակնկալի էին եկել այն հրահանգից, որ պետք է կողմ քվեարկեն եվրաքվեին։ Մեզ պատմեցին, որ ՔՊ-ականներին ասվել է, որ իրականում խորհրդարան բերված նախագիծը դատարկ թուղթ է` հայտարարություն, որի ընդունումն իրավական այլ հետեւանքներ չի կարող առաջացնել, քանի որ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնելու համար իրավասու մարմինը՝ կառավարությունը, այդ հարցով պետք է դիմի խորհրդարանին։ Սակայն կողմ քվեարկելով նախագծին՝ նախ փակելու են պոտենցիալ ընդդիմություն համարվող արեւմտամետների խմբակի բերանը եւ կանխելու են իշխանության դեմ գործողությունների ճանապարհը: Բանն այն է, որ Հայաստանում իշխանության ներարկած հակառուսական դոզայի եւ այդ խմբակի ակտիվացման արդյունքում կարող է ամեն ինչ տխուր ավարտ ունենալ այս իշխանության համար: Նրանք կարող են ընդհուպ` առաջիկա ընտրություններին պարտվել արեւմտամետների-սորոսականների այս զանգվածին, որը կարող է ՔՊ-ից շատ ձայներ հավաքել: Բացի այդ, հավանություն տալով նախագծին, իշխանությունը կարող է առեւտրի մեջ մտնել ռուսների հետ՝ որ եթե չերաշխավորեն իրենց վերարտադրությունը, իրենք կարող են թեքվել դեպի Արեւմուտք՝ Ռուսաստանին վերջնականապես դուրս մղելով տարածաշրջանից։ Ուստի ՔՊ-ականներին հորդորել են, որ հնարավորինս զգույշ պետք է լինել Ռուսաստանի մասին ձեւակերպումներում եւ չհակադրել ԵՄ-ն ԵԱՏՄ-ին, այլ ընդամենը հայտարարել, որ բազմավեկտոր քաղաքականություն են ուզում վարել, չեն փոխում արտաքին քաղաքական գիծը։

Երեկվա նիստին ընդդիմադիրները հարցադրումներով եւ ելույթներով պայթեցրին այս փուչիկը: Հայկ Մամիջանյանն ասաց՝ ԵՄ գնացող եք, ՍԵՊԱ-ն (ԵՄ ինտեգրացիայի քայլերի մասին է խոսքը` Լ. Շ.) գոնե իմպլեմենտացրեք։ Գառնիկ Դանիելյանն էլ ասաց` նախագիծն ավելի շատ «ողջության կենաց» է հիշեցնում, քան լուրջ, տնտեսապես հիմնավոր առաջարկ, ինքն էլ Մոնիկա Բելուչիին է համակրում, բայց նախաձեռնությամբ հանդես չի գալիս։

«Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ հանդես եկավ հայտարարությամբ, որ դեմ է քվեարկելու. «Օրենքի նախագիծն իրավական առումով անհեթեթ փաստաթուղթ է, քանի որ այն չի համապատասխանում օրենքին ներկայացվող պահանջներին եւ ո՛չ ավելացնում, ո՛չ պակասեցնում է վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ օրենսդրական պահանջները: Նախագիծն իր էությամբ հայտարարություն է, բայց ոչ օրենք, քանի որ այն չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ որեւէ իրավասուբյեկտի համար: Ավելին, նախագծում պարունակվող «Հայաստանի Հանրապետությունը` արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը» արտահայտությունն ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ ԵՄ-ին՝ որպես վերպետական միջազգային կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ ՀՀ ժողովրդի կամքը կարող է արտահայտվել միայն անմիջականորեն` հանրաքվեի միջոցով: ԱԺ ներկայացված օրինագիծը, սակայն, ելնում է այն բանից, որ Ազգային ժողովն օրենք ընդունելու միջոցով կարող է սահմանել, որ դրանով արտահայտվում է ԵՄ-ին անդամակցելու` Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը: ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու հետ կապված՝ Ազգային ժողովը կարող է արտահայտել միայն իր սեփական կամքը, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը»: