Ամեն տարի մանկական ասթմայի նոր դեպքերի մեկ երրորդը կապված է բենզինով աշխատող մեքենաների վնասակար արտանետումների հետ: Գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս մեքենաների միայն կեսը էլեկտրական մեքենաներով փոխարինելը կարող է զգալիորեն նվազեցնել օդի աղտոտվածության հետեւանքով մանկական ասթմայի դեպքերը: Այս մասին հայտնել է The Conversation պորտալը։
Առողջության եւ կլիմայի վրա տրանսպորտի ազդեցությունն ուսումնասիրող գիտնականները վերլուծություն են անցկացրել՝ պարզելու համար, թե ԱՄՆ-ում էլեկտրական մեքենաների վաճառքի աճն ինչպես է ազդում բնակչության առողջության վրա, գրել է gazeta.ru-ն։ Որպես ցուցանիշ նրանք ընտրել են մանկական ասթման, որը 2019թ. ախտահարել է մոտ հինգ միլիոն երեխայի։
Վաղուց արդեն հայտնի է, որ բենզինային մեքենաների արտանետումները՝ ազոտի երկօքսիդը եւ մանր պինդ մասնիկները, կարող են մեծացնել ասթմայի զարգացման վտանգը: Նոր հետազոտության ընթացքում գիտնականները կարողացել են գնահատել, թե ինչպես է բենզինի եւ էլեկտրական մեքենաների հարաբերակցությունը ճանապարհներին ազդում այս հիվանդության նոր դեպքերի վիճակագրության վրա։
2013-2019թթ. տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր 1 000 նոր բենզինով աշխատող ավտոմեքենայի համար մանկական ասթմայի մեկ նոր դեպք է գրանցվել: Միեւնույն ժամանակ, այս մեքենաների մոտավորապես 21 տոկոսը էլեկտրական մեքենաներով փոխարինելը կարող է դադարեցնել հիվանդության աճը։ Պահանջվող փոխարինման տոկոսը տատանվում էր ԱՄՆ նահանգներում 7-42 տոկոս՝ կախված բնակչության խտությունից եւ հին մեքենաների քանակից:
Խիտ բնակեցված տարածքները կարող են առավելագույն օգուտ քաղել էլեկտրական մեքենաների անցումից: Զրո արտանետումների ծրագրեր ունեցող պետություններն արդեն նկատելի բարելավումներ են տեսնում: 2013-2019թթ. ընթացքում այս նահանգներում վաճառվել է բոլոր նոր էլեկտրական մեքենաների 63 տոկոսը։
Սակայն հետազոտողներն ընդգծել են, որ էլեկտրական մեքենաները միակ կամ ունիվերսալ լուծումը չեն։ Դրանց դրական ազդեցությունը երեւում է միայն այն դեպքում, եթե դրանք փոխարինեն բենզինային մեքենաներին, այլ ոչ թե ավելացվեն գոյություն ունեցողներին: Ավելին, նույնիսկ էլեկտրական մեքենաներն են շարունակում նպաստել օդի աղտոտմանը, օրինակ՝ անվադողերի, արգելակների մաշվածության եւ ճանապարհի փոշու պատճառով:
Կարեւոր է նաեւ, թե որտեղից է գալիս լիցքավորման համար նախատեսված էլեկտրաէներգիան։ Եթե այն արտադրվում է ածխով աշխատող ջերմաէլեկտրակայանների կողմից, ապա աղտոտվածությունը պարզապես քաղաքներից տեղափոխվում է էլեկտրակայաններ։ Բացի այդ, հարցեր են մնումն մարտկոցների վերամշակման, հումքի արդյունահանման եւ էլեկտրական մեքենաների վերանորոգման սահմանափակումների վերաբերյալ:
Հեղինակների կարծիքով՝ էլեկտրական մեքենաները կարեւոր քայլ են շրջակա միջավայրի եւ առողջության բարելավման ուղղությամբ, բայց ոչ վերջնական նպատակը։ Աղտոտվածությունը իսկապես նվազեցնելու եւ հանրային առողջությունը բարելավելու նպատակով, հատկապես երեխաների համար, մենք նաեւ պետք է բարելավենք հասարակական տրանսպորտը, հեծանվային ենթակառուցվածքները եւ կանաչ տրանսպորտը հասանելի դարձնենք բոլորի համար, ներառյալ ցածր եկամուտ ունեցող ընտանիքները, որոնք հատկապես խոցելի են օդի աղտոտվածության հետեւանքների նկատմամբ: