Հունվարին Սիրիայի նոր կառավարությունը Ռուսաստանի ղեկավարությանը խնդրել էր արտահանձնել պաշտոնանկ արված նախագահ Բաշար ալ Ասադին, սակայն Կրեմլը մերժել էր։ Այս մասին The New York Times-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան։
Չնայած մերժմանը, Շարաան ընդգծել է, որ սիրիական վարչակազմը մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նա հիշեցրել է, որ սիրիական զենքի մեծ մասն արտադրվել է Ռուսաստանում, և երկիրը մեծապես կախված է ռուսական պարենային և էներգակիրներից։ «Մենք պարտավոր ենք հաշվի առնել Սիրիայի այս առանցքային շահերը»,- ասել է նա։
Reuters-ը նաև հունվարին հայտնել էր, որ նոր իշխանությունները մտադիր են դիմել Ասադի արտահանձնման հարցով: Ավելի ուշ տեղեկությունը հաստատել են Al Arabiya-ի և Al Hadath-ի աղբյուրները, սակայն միայն այժմ է այն պաշտոնական հաստատում ստացել Դամասկոսից։
Reuters-ի փոխանցմամբ՝ ժամանակավոր կառավարությունը Մոսկվայից պահանջել է նաև վերադարձնել Ասադի՝ Ռուսաստան տարած միջոցները։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ խոսքը 500 հազար դոլարի կանխիկ գումարի, ինչպես նաեւ զարդերի մասին է։ Բացի այդ, Ասադն իր հետ տարել է գաղտնի տեղեկություններ պարունակող կարեւոր փաստաթղթեր, դյուրակիր համակարգիչներ ու կոշտ սկավառակներ։
Բաշար Ասադը գահընկեց արվեց 2024 թվականի դեկտեմբերին, որից հետո նա անմիջապես լքեց Սիրիան և քաղաքական ապաստան ստացավ Ռուսաստանում։ Սիրիայում շարունակում են գործել ռուսական երկու առանցքային ռազմակայաններ՝ Տարտուս նավահանգստում գտնվող ռազմածովային նյութատեխնիկական բազան և Լաթաքիա նահանգի Խմեյմիմ ավիաբազան։ Երկու բազաներն էլ Մոսկվայի համար ռազմավարական նշանակություն ունեն։