Աշիկ Անդրեյանը նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր եւ լավագույն 100-ի մեջ է: Սա նշանակում է, որ արդեն տեսնում ենք մեր աշխատանքի արդյունքները: Ձյուդոյի Հայաստանի հավաքական չի եղել, եղել է միայն Ֆերդինանդ Կարապետյան: Զրոյից ենք սկսել հավաքականի ձեւավորումը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը:

Հայաստանի մեծահասակների եւ երիտասարդական հավաքականներն այս օրերին հավաք են անցնում Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում: Աշիկ Անդրեյանը պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որի մասնակցության իրավունքը նվաճել է Եվրոպայի առաջնությունում: Աշխարհի առաջնությունը տեղի կունենա հունիսի 13-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:

Հովհաննես, տեւական դադարից հետո Հայաստանը ներկայացուցիչ ունի աշխարհի առաջնությունում: Ինչո՞ւ 2021 թվականից հետո մասնակից չենք ունեցել եւ ինչպե՞ս ստացվեց վարկանիշ նվաճել:

Մեր բոլոր աշխատանքներն ուղղված են նրան, որ արդեն ունենանք արդյունքներ մեծահասակներում: Այդ նպատալով տարեսկզբում կենտրոնացանք հավաքների եւ մարզումների վրա՝ հավաքներ Ավստրիայում, Չեխիայում, մասնակցեցինք «Մեծ Սաղավարտի» մի քանի մրցաշարերի, Եվրոպայի գավաթի մրցաշարին: Այս մրցաշարերում արդեն ունեցանք վարկանիշային միավորներ:

Չեռնոգորիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը մասնակցել ենք 3 ձյուդոիստով։ Այն վարկանիշային էր աշխարհի առաջնության համար: Մեզ համար գերխնդիր էր վարկանիշային աղյուսակում 100-ի մեջ հայտնվելը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց բանակային Աշիկ Անդրեյանը, որը 60 կգ քաշային կարգում գրավել է 5-րդ տեղը։

Մեր թիմը հիմնականում երիտասարդ ձյուդոիստներից է կազմված, բոլորը 20-21 տարեկան տղաներ են, որոնք առաջին քայլերն են անում մեծահասակներում: Մեծահասակների թիմը նոր է ձեւավորվում, զրոյից: Աշիկը նույնպես առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, որտեղ տարավ 3 հաղթանակ, կրեց 2 պարտություն: Նա 2024 թ. Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր է: Շատ լավ է սկսել պայքարը մեծահասակներում:

Եվրոպայի առաջնությունում Աշիկը բրոնզե մեդալի համար էր պայքարում: Թբիլիսիի «Մեծ Սաղավարտում» 7-րդ տեղը գրավեց եւ այդ միավորներով կարողացավ մտնել լավագույն 100-ի մեջ եւ 71-րդն է:

Միայն մեկ մասնակիցը ԱԱ-ում գոհացնո՞ղ է:

Գոհացնող է այնքանով, որ մենք զրոյից ենք սկսել մեր քայլերը հավաքականում: Ֆերդինանդ Կարապետյանից հետո չունեինք տղաներ, որոնք կպայքարեին մեծահասակներում. միայն Ֆերդինանդն էր: Սկսել ենք պատանիներից եւ երիտասարդներից, որոնք արդեն արդյունքներ են արել իրենց հավաքականներում եւ այժմ ժամանակն է, որ փորձեն ուժերը մեծահասակներում: Շուտով այս երիտասարդներին կմիանա նաեւ պատանիների աշխարհի չեմպիոն Գոռ Կարապետյանը: Նա երիտասարդական հավաքականում է, երկու տարի դադար ունեցավ վնասվածքների պատճառով: Մայիսի 23-ին այս դադարից հետո առաջին մրցաշարի կմասնակցի Եվրոպայի գավաթում: Հաջորդ տարի ուժերը կփորձի մեծահասակներում:

Այս օրերին մեծ կազմով հավաք ենք անցնում Վլադիկավկազում: Երիտասարդները մայիսի 23-26-ը կմասնակցեն Եվրոպայի գավաթի մրցաշարին, մեծահասակները նույն օրերին կմասնակցեն միջազգային մրցաշարի:

Աշիկ Անդրեյանն առանձին փուլով կպատրաստվի աշխարհի առաջնությանը: Հավաքից կվերադառնանք, նա Երեւանում եւս մեկ արդեն առանձին հավաք կանցնի եւ կմեկնենք Բուդապեշտ աշխարհի առաջնությանը:

Օրերս մասնակցեցիք նաեւ «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարին: Ի՞նչ արդյունքներ եւ միավորներ ունեցաք այդտեղ:

«Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարը Աստանայում էր: Քանի որ Ռուսաստանում տոն էր մայիսի 9-ը, մեծ դժվարություններով հասանք մրցավայր, թռիչքները փակ էին: Մրցումային առաջին օրն ենք ժամանել Աստանա, չէինք հասցրել մասնակցել նախորդ օրվա կշռման արարողությանը: Հիմնական հույսերը Աշիկի հետ էին, բայց մեկնարկային գոտեմարտում պարտվեց ոսկե գցումով:

Ուզում եմ նշել, որ նա արդեն բարձր կարգի ձյուդոիստ է համարվում: Անկեղծ կլինեմ՝ նրանից արդեն սպասում ենք մեդալներ: Եվրոպայի առաջնությունում պայքարեց, բայց բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց Փարիզ-2024-ի օլիմպիական փոխչեմպիոնին:

Մեր նախորդ հարցազրույցում մանրամասնեցիր, թե ինչու չհաջողվեց Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճել եւ ինչ ծրագիր եք մշակել Լոս Անջելես-2028-ի համար: Օլիմպիական նոր շրջափուլի 1 տարին լրացավ: Ի՞նչ եք արել:

4 տարիների համար ինչ ծրագրել ենք, երիտասարդներով գնում ենք առաջ մինչեւ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղեր: Աշիկ Անդրեյանի վարկանիշային աղյուսակում լինելն, արդեն մեծ ձեռքբերում է. 400-500-ի մեջ նա 71-րդն է: Այս մեկ տարվա աշխատանքից գոհ եմ այնքանով, որ վարկանիշային աղյուսակում արդեն կանք: Այս տեմպերով եթե շարունակենք, շատ կմոտենանք օլիմպիական վարկանիշին:

Մենք զրոյից ենք սկսել մեծահասակների հավաքական թիմ ձեւավորել: Մեր թիմում Ֆերդինանդից բացի էլ տղա չենք ունեցել: Եղել են, արդյունք չեն արել, բանակ են գնացել: Հավաքականում եղել է միայն Ֆերդինանդը: Չենք ունեցել պատանիների հավաքական թիմ: Սկսեցինք ներքեւից, ձեւավորվեց ընդհանուր հավաքական թիմերի գաղափար, պատասխատվությունը դրվեց ինձ վրա, որպեսզի պատանիներին բարձրացնենք մինչեւ մեծահասակներ: Այս տղաները դեռ երիտասարդ են, բայց 2028 թ. Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարելու պատրաստ տղաներ են:

Ֆերդինանդ Կարապետյանն ավարտե՞ց կարիերան:

Մենք էլ չհասկացանք՝ ավարտել է, թե ոչ: Նրան ասացինք՝գա մասնակցի Հայաստանի առաջնությանը: Եկավ, հետո կեսից գնաց: Ասաց՝ ինձ Հայաստանի գլխավոր մարզիչը տեղյակ չի պահել, թե երբ է ներքին առաջնությունը: Նա ուղղակի ցանկություն չունեցավ: Մենք նրա դեմ ոչինչ չունեինք, չենք ունեցել: Նրանից որեւէ մեկը նեղացած չի: Մենք նրան չենք ասել արի, ոչ էլ ասել ենք գնա: Հնարավորոթյունը տրվել է, նա պետք է գար մասնակցեր: Ես շատ կուզեի, որ թիմում Ֆերդինանդի պես մարզիկ լիներ, երիտասարդները նրան տեսնեին եւ նրա հետ առաջ շարժվեին: