«Հրապարակը» գրում է, թե i տարբերություն ԲՀԿ քաղաքական թեւի, գործարար հատվածը երեկ հպարտորեն բարձրաձայնում էր, որ կուսակցությունը կողմ է քվեարկել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը:

«Պատգամավոր Աբրահամ Մանուկյանին խնդրեցինք հիմնավորել՝ ինչ սպասելիքներ ունի Կոստանյանից եւ ինչու է կողմ քվեարկել: ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես ասում եմ՝ դրական եմ վերաբերվում, ես չեմ ասում, որ կողմ եմ կամ դեմ»: Արդյո՞ք Ձեր դրական գնահատանքը պայմանավորված չէ Ձեր որդու հանգամանքով, ով հաճախ է հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: «Իմ վերաբերմունքը պայմանավորված է իմ վերաբերմունքով, իսկ Ձեր ասածը սուտ է, իմ որդին ոչ մի անգամ էլ խնդիր չունի»: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Մանուկյանի որդուն ոստիկանության բաժին էին տարել ապօրինի զենք պահելու պատճառով:

Իսկ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, ավելի համարձակ գտնվեց, ոչ միայն խոստովանեց, որ կողմ է քվեարկել, այլեւ հիմնավորեց. «Որովհետեւ Կոստանյան Գեւորգը պրոֆեսիոնալ իրավաբան է»: Բայց որոշ պատգամավորներ բարձրաձայնեցին Կոստանյանի գործունեության բազում սեւ էջեր: «Ես ընդդիմադիրների հետ գործ չունեմ, ես իմ կարծիքն ունեմ»,- գրում է թերթը: