ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արևիկ գրատանը» ներկա է եղել չինարենից հայերեն թարգմանությունների շնորհանդեսին:
Նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և նշել, որ ԿԳՄՍ նախարարության և ՉԺՀ ազգային մամուլի և հրատարակչության վարչության միջև դասական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրով նախատեսված աշխատանքները շարունակվում են:
«Ըստ հուշագրի՝ յուրաքանչյուր կողմ իր երկրում պետք է թարգմանաբար հրատարակի և տարածի մյուս երկրի դասական գրականությունը: Այս գրքերի միջոցով կողմերը ծանոթանում են միմյանց՝ աշխարհի ամենահին, հարուստ քաղաքակրթությունների՝ Հայաստանի և Չինաստանի պատմությանը, արվեստին, կրթությանը, գրականությանն ու փիլիսոփայությանը: Փոխադարձ թարգմանությունները նպաստում են նաև ճանաչողության զարգացմանը, տվյալ երկրում ճամփորդելու ու նորանոր բացահայտումներ անելու հնարավորությանը»,- նշել է Դանիել Դանիելյանը:
Նախարարի տեղակալը կարևորել է այն փաստը, որ թարգմանական գործի շարունակականության ապահովման մեջ մեծ է երիտասարդների մասնակցությունը, որը կարևոր է ծրագրի հետագա զարգացման համար:
«Արևիկ» հրատարակչությունը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ լույս է ընծայել Ա Չընի «Ծառերի արքան», Ցաո Յուի «Ամպրոպ», Յու Հուայի «Ապրել», Սյա Հոնի «Հուլան գետի պատմությունները», Շը Թիեշընի «Ես և երկրի տաճարը» գրքերը:


