Համաներումը երկար սպասված էր, սակայն այն մի շարք խնդիրներ է առաջ բերում: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով վերջերս ընդունված համաներման որոշմանը, ըստ որի ազատության մեջ կհայտնվի 500-600 բանտարկյալ, նման կարծիք հայտնեց Հոգեբանների և իրավաբանների միջազգային ասոցիացիա ՀԿ նախագահ Խաչատուր Մառոզյանը:
Նրա խոսքերով, առաջին հերթին սխալ է ընտրված հենց համաներում բառը, քանի որ ներում բառը ճիշտ չէ: «Արդյոք համաներված մարդը կարո՞ղ է լիակատար հասարակության անդամ դառնալ, ո’չ, նրանք կամ նորից դիմում են գայթակղության կամ լքում են երկիրը», - նշեց նա, հավելելով, որ ինքը միշտ ասել էր, որ կրկնահանցագործությունների թիվն աճում է:
Հակադարձելով բանախոսի այս տեսակետին, լրագրողները նշեցին, որ ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խոսելով համաներման արդյունավետության մասին, նշել էր, որ 2011թ-ից հետո համաներման արդյունքով ազատ արձակվածների կողմից կրկնահանցագործների թիվը նվազել է: Անդրադառնալով այս տեսակետին, նա նշեց, «Ես Հրայր Թովմասյանի ասածներն անալիզի չեմ ենթարկել: Համաներումը որևէ արդյունք չի տալիս, պետք է ճիշտ դատել, այլ ոչ թե դատելուց հետո համաներել», - նշեց նա:
Ասուլիսին ներկա ՓՊ անդամ, փաստաբան Հայկ Եգանյանն էլ նշեց, որ ինքը մեծ մասամբ համաձայն է մյուս բանախոսի հետ, հավելելով, որ համաներումը մի շարք խնդիրներ է լուծում: « Ես չեմ ճանաչում մի բանական մարդու, ում համար ազատությունը նշանակություն չունենա», - նշեց նա, հավելելով, որ համաներումը նախ լուծում է բանտախցերի ծանրաբեռնվածության հարցը, ինչու չէ նաև՝ մեկ անգամ ևս հնարավորություն է տալիս հանցագործություն կատարած մարդուն ուղղվել և զգալ իրեն հասարակության լիարժեք անդամ:
«Այլ հարց է՝ նա իրեն կոնֆորտի մեջ կզգա այդ հասարակության մեջ , թե ՝ ոչ», - նշեց նա: Երկու բանախոսներն էլ նշեցին, որ համաներման երևույթը նաև քաղաքական նպատակներ է հետապնդում: