12․03․2024թ․ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությունը իր՝ www.armlur.am լրատվական կայքում հրապարակել է հոդված՝ հետևյալ վերնագրով և բովանդակությամբ. «Դատական համակարգի քաոսը շարունակվում է. «գրագրության» սկանդալից հետո ԲԴԽ թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը դիմումից հրաժարվել է. դատական համակարգում ուշագրավ զարգացումներ են. ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի համար իրենց թեկնածություններն են առաջադրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին և Ռուբիկ Մխիթարյանը, որի անվան շուրջ աղմկահարույց պատմություններ են։ Բանն այն է, որ դատական համակարգը լքում են դատավորներ, որոնց հեռացման պատճառը խոր արմատներ ունի։ Մասնավորապես, Ռուբիկ Մխիթարյանի «թեթեւ ձեռքով» իշխանություններին է հասել գրագրություն, որտեղ դատավորները ներքին քննարկումներ են ունեցել, հայհոյանքներ են հնչել իշխանության հասցեին։ Եվ ահա ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ գրագրությունը իշխանություններին հասցրել է Ռուբիկ Մխիթարյանը։ Եվ ահա դատական համակարգում այս քաոսից հետո, Մխիթարյանը ԲԴԽ անդամ դառնալու դիմումը հետ է վերցրել, քանի որ դատական համակարգը բավականին քննադատաբար է մոտեցել նրա այս քայլին, ու առհասարակ չեն շփվում նրա հետ, ուստի գիտակցելով, որ նրան չեն ընտրի, վերջինս դիմումը հետ է վերցրել։ Ստացվում է՝ ԲԴԽ միակ թեկնածուն մնում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին»:
Այս հոդվածի մասով Ռուբիկ Մխիթարյանը դիմել է դատարան և պահանջել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին պարտավորեցնել զրպարտություն համարվող
փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաև զրպարտության համար
պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցել՝ 3 000 000 ՀՀ դրամի չափով։
Ներկայանալով 24.09.2025թ. հրավիրված դատական նիստին, ի թիվս այլնի, մեր ներկայացուցիչըմիջնորդել է որպես վկա դատարան հրավիրել և հարցաքննել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավորներ Արշակ Վարդանյանին և Կարեն Մարդանյանին՝ միաժամանակ պնդելով․ «այն, որ բարձր հեղինակություն ունեցող դատավորներ Արշակ Վարդանյանը, Սերգեյ Մարաբյանը, Անդրանիկ Մնացականյանը և Կարեն Մարդանյանն անսպասելի հրաժարականներ են ներկայացրել, խոսում է դատական համակարգում տիրող իրական քաոսի մասին։ Այն, որ գոյություն է ունեցել խմբակային «չատ», և հրաժարական ներկայացրած դատավորները, ինչպես նաև հայցվորը, եղել են այդ «չատ»-ի անդամներ, և իրեննից միայն Մխիթարյանն է շարունակում պաշտոնավարել և դեռ մի բան էլ առաջխաղացում է ունեցել, լրացուցիչ կհիմնավորվի, ինչով էլ պայմանավորված՝ ակնհայտ կդառնա, որ այս ամենը զրպարտություն չի կարող հանդիսանալ։
Ավելին, դատավորները ևս հասարակության մի մասն են կազմում, ընդ որում՝ ինտելեկտուալ մասը, ովքեր ևս ունեն բոլոր այն իրավունքները, ինչ հասարակության մնացած անդամները։
Մասնավորապես, ինչպես դատական, այնպես նաև մնացյալ իրավաբանական համայնքին շատ հետաքրքիր է, թե ինչպես պատահեց, որ ամենաարժանավոր, կենսագրությամբ անբասիր վարքագիծ ունեցող և իրավաբանական համայնքում ամենաբարձր վարկանիշ ունեցող 4 դատավոր հրաժարականներ են ներկայացրել՝ առանց բացահայտելու բուն պատճառները։ Ավելին, քանի որ այդ իրադարձությանը պետք է հետևեր նաև ԲԴԽ անդամի ընտրություն, որին որպես թեկնածու հանդես էր գալիս նաև հայցվորը, հետևաբար, դատավորներն առավել շահագրգիռ պետք է լինեին՝ պարզելու, թե որն է, այդ թվում նաև՝ ԲԴԽ անդամ հանդիսացող Արշակ Վարդանյանի, հրաժարականի պատճառը։ Հետևաբար, այս ամենը լուսաբանելու իր գործառույթն իրականացնելով, պատասխանողը կատարել է լրագրողահետազոտական աշխատանք, ինչի արդյունքում ձեռք է բերել հետաքրքրական տեղեկությունները։ Ելնելով վերոգրյալից՝ պատասխանողի ներկայացուցիչը խնդրել է հայցն ամբողջությամբ մերժել։
Դատարանը 20․01․2026 թվականի վճռով որոշել է Հայցվորի պահանջը մերժել ամբողջությամբ։
Դատարանն արձանագրել է, որ այս վեճով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցին
արդյո՞ք ««Դատական համակարգի քաոսը շարունակվում է. «գրագրության» սկանդալից հետո ԲԴԽ թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը դիմումից հրաժարվել է»» հրապարակումով կատարված արտահայտությունները, մասնավորապես, վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի՝ ԲԴԽ անդամի թափուր տեղի համար առաջադրվելու դիմում ներկայացնելու, և չընտրվելու հնարավորությունը գիտակցելով՝ իր կողմից ներկայացված թեկնածության դիմումը հետ վերցնելու մասին, ինչպես նաև որոշ դատավորների ներքին քննարկումներ և իշխանության հասցեին հայհոյանքներ պարունակող գրագրությունը Ռուբիկ Մխիթարյանի կողմից իշխանություններին հասցնելու մասին» արտահայտությունները կարող են համարվել զրպարտություն:
Դատարանը նշել է՝ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող դատարանը չի կարող դատավորի կողմից իշխանություններին որևէ տեղեկություն հայտնելը, որևէ հանգամանքի մասին իրազեկելը դիտարկել որպես զրպարտություն, քանի որ այդ հանգամանքը բոլոր դեպքերում չի արատավորում դատական իշխանության ներկայացուցչին, չի նվաստացնում նրա արժանապատվությունը:
Ինչ վերաբերում է խնդրո առարկա հրապարակման վերնագրում տեղ գտած հետևյալ արտահայտություններին՝ «դատական համակարգի քաոս», «գրագրության սկանդալ», ինչպես նաև հետևյալ արտահայտությանը՝ «չընտրվելու հնարավորությունը գիտակցելով՝ դիմումը հետ է վերցրել», ապա դրանք փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում արված հետևություններ են, պատասխանողի կողմից տրված սուբյեկտիվ գնահատական, այսինքն, պատասխանողը ոչ թե դիտավորություն է ունեցել արատավորելու հայցվորին, այլ՝ նշված արտահայտություններով որոշակի չափազանցությամբ արտահայտել է իր գնահատողական դատողությունները:
Դատարանի 24.09.2025թ. որոշմամբ՝ պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը՝ վկաներ հրավիրելու վերաբերյալ բավարարվել է, որոշվել է գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ, որպես վկա դատարան հրավիրել և հարցաքննել Կարեն Հենրիկի Մարդանյանին և Արշակ Ժորայի Վարդանյանին:


