Արևմտյան քաղաքական գործիչների կողմից Չինաստան այցելությունների աճը արտացոլում է նրանց պրագմատիկ հարմարվողականությունը ստեղծված իրավիճակին, այլ ոչ թե Չինաստանի ուղղությամբ ռազմավարական շրջադարձը, ասվում է «China Daily» թերթի կողմից հրապարակված մեկնաբանության մեջ։

Ինչպես նշում է պարբերականը, վերջին ժամանակներս նկատելիորեն ակտիվացել են արևմտյան քաղաքական գործիչների և խոշոր կորպորացիաների ղեկավարների այցերը Պեկին։ Սակայն այս ակտիվությունը արտացոլում է ոչ թե կուրսի փոփոխություն կամ անդրատլանտյան կապերի թուլացում, այլ պրագմատիկ հարմարեցում բազմաբևեռ աշխարհի իրողություններին և Չինաստանի հետ հարաբերություններում ռիսկերի նվազեցման ձգտում։ «Այցերը ցույց են տալիս ոչ թե Արևմուտքի ռազմավարական շրջադարձ դեպի Չինաստան, այլ Արևմուտքի ռազմավարական ադապտացիա։ ԱՄՆ-ի որոշ դաշնակիցներ սովորում են, թե ինչպես համագործակցել Չինաստանի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է, հեջավորել այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է և հեռավորություն պահպանել այնտեղ, որտեղ, իրենց կարծիքով, շոշափվում են անվտանգությանն ու արժեքներին առնչվող իրենց հիմնարար շահերը»,- նշված է վերլուծական նյութում։


Թերթը փաստում է նաև անդրատլանտյան ինստիտուտների պահպանվող ամրությունը։ «Անդրատլանտյան հարաբերություններն ապացուցել են իրենց կայունությունը հենց այն պատճառով, որ դրանք կառուցված են ոչ թե զգացմունքների, այլ պարտավորեցնող պայմանագրերի, ինստիտուցիոնալ խորության և «ընդհանուր շահերի» վրա, որոնք դուրս են ԱՄՆ ցանկացած առանձին վարչակազմի շրջանակներից։ ՆԱՏՕ-ն, ԵՄ-ԱՄՆ առևտրի և տեխնոլոգիաների խորհուրդը և «Հինգ աչք» (Five Eyes) հետախուզական կառույցը ոչ թե անորոշ քաղաքական պայմանավորվածություններ են, այլ հսկայական իներցիա ունեցող բյուրոկրատական և օպերացիոն համակարգեր»,- գրում է պարբերականը։

Ինչ վերաբերում է Չինաստանի հետ արևմտյան երկրների տնտեսական կապերին, ապա վերջին մի քանի տարիների պատմությունը ցույց է տալիս, որ համապատասխան պայմանավորվածությունները կարող են վերանայվել դաշնակցային պարտավորությունների ճնշման ներքո, ասվում է հոդվածում։ «Այս շրջադարձերը բացահայտում են դաժան ճշմարտությունը. Չինաստանի հետ տնտեսական համագործակցությունը ԱՄՆ որոշ դաշնակիցների համար հաճախ պայմանական է, դարձելի և քաղաքականապես փխրուն։ Երբ ԱՄՆ-ի կողմից ճնշումն ուժեղանում է, դաշինքի կարգապահությունը, որպես կանոն, հաղթում է»,- գրում է թերթը։

Այսպիսով, թերթը ամփոփում է, որ Չինաստանի հետ փոխգործակցությունը կմնա ընտրողական՝ ենթարկվելով արտաքին քաղաքական կոնյունկտուրայի և անդրատլանտյան համերաշխության ազդեցությանը։