Գյումրիի մեր աղբյուրները տեղեկացրել էին, որ վերջերս ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանին պատկանող «LUKY» գիշերային ակումբում պատգամավորի քեռու` Հովհաննես Գեւորգյանի որդին ծեծելով մարդ է սպանել: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Նույն աղբյուրի փոխանցմամբ, պատգամավորն ամեն ինչ անում է հարցը կոծկելու համար: Այս հարցում նրան լավագույնս աջակցում է Շիրակի մարզի դատախազը` դեպքը ներկայացնելով որպես վրաերթ:

Այս առնչությամբ «Իրատես de facto»-ն պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնից: Այնտեղից մեզ փոխանցեցին հետեւյալը. «Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել 1983-ին ծնված Հովհաննես Խաչատրյանին եւ 1988-ին ծնված Դավիթ Մխիթարյանին, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց: Հ. Խաչատրյանը տեղափոխվել է Երեւան, բայց հիվանդանոցում մահացել է: Հարուցվել է քրեական գործ՝ 242 հոդվածի 2 մասով եւ 244 հոդվածով: Կատարվում է նախաքննություն»:

Ի դեպ, մարզի մեր աղբյուրը նաեւ հետաքրքիր մանրամասն է հիշեցնում: Վերջերս պատգամավորի ընկերոջ` Շեկոյի գերեզմանի մոտ, որը սպանվել էր ապրիլյան հայտնի դեպքերի ժամանակ, «արյունոտ ռազբորկա» է տեղի ունեցել (հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Գյումրիի Շիրակացի փողոցում հնչած կրակոցներից մահացավ Արտյոմ Կարապետյանը՝ Շեկոն, եւ վիրավորվեց քավոր Հարութը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի երեխաների կնքահայր Հարություն Խաչատրյանը)։

Մեր աղբյուրի տեղեկացմամբ, Շեկոյի ընկերը (մականունը` Գոճի) իր թիմով բախվել է գերեզման այցելած մեկ այլ խմբավորման հետ։ Գործի են դրվել դանակներ, եւ մինչեւ այսօր էլ կարելի է արյան հետքեր գտնել գերեզմանի մոտ»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):