«Այո, կան պետություններ, որտեղ դեսպան են նշանակում նաև ընդդիմությունից, կամ չեն նշանակում ընդդիմությունից, և դա տվյալ երկրներում նորմալ է ընկալվում։ Շեշտը դրեք նրա վրա ինչո՞ւ իշխանություններն այդ կարևոր պաշտոնին ուզում են տեսնել Վահան Հովհաննիսյանին»,–168ժամ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով իրենց հասցեին հնչող քննադատություններին։ «Եթե Գերմանիո ճակատում աշխատելու համար պետությունն ընտրել է Վահանին, բնականաբար, նա չպետք է զլանար։ Եթե պետք լիներ ադրբեջանական ճակատում դերակատար լինել՝ մենք կրկին չէինք զլանա՝ կաշխատեինք։
Եթե սրանից իշխանությունը կշահի, թող շահի... Մենք դրական ուժ ենք, մեր մոտեցումը դրական է։ Որքան ուզում են՝ թող խոսեն, թե սա նշանակում է իշխանության մաս կազմել, բայց դա այդպես չէ. մեր մոտեցումը չի փոխվել, մենք եղել ենք ընդդիմություն և շարունակում ենք լինել ընդդիմություն»,- նշել է նա։ Հրանտ Մարգարյանն ասել է, թե պաշտոն ստանալն ամենևին չի նշանակում, որ «իշխանությանը դեմ լինելու վճռականությունը պակասել է»։ «Մենք ընդդիմություն չենք՝ իշխանություն լինելու համար, մենք այս երկրով ու ժողովրդով ենք երդում կատարել, մեր կյանքի իմաստը Հայաստանն ու հայ ժողովուրդն են, ոչ թե իշխանություն կամ ընդդիմություն լինելը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: