«Հրապարակի» տեղեկություններով` ԲՀԿ-ում եւ ՀԱՕԿ-ում չեն կողմնորոշվում, թե ինչ քայլեր անեն Վոլեյբոլի ֆեդերացիայի «ապագայի» հետ կապված:
«Հիշեցնենք, որ շաբաթ օրը օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորելիս Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանն ընդհարվել են: Պատճառը Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի փոփոխությունն է՝ Սուրիկ Խաչատրյանի փոխարեն նախագահ է դարձել ԱԽՔ-ը: Այս կոնֆլիկտի ելքերը երկուսն են. կամ Ծառուկյանը պետք է հրաժարական տա, կամ Արթուրին հրաժարական պարտադրի:
Մտերիմներից ոմանք խորհուրդ են տվել նրան վա-բանկ գնալ` քաղաքակիրթ պահվածքով շնորհավորել, հարցը նույնքան քաղաքակիրթ փակել, որովհետեւ մինչեւ երեկ «գլխավոր արբիտրը»` Սերժ Սարգսյանը, չէր խառնվել այդ «բանավեճին», չէր փորձել պատժել Արթուրին, ինչի հույսը Ծառուկյանն ուներ: Նույն մոտիկների միջավայրում Ծառուկյանն ասել է, թե ինքը խնդիր չէր ունենա, եթե Արթուրը նախապես իրեն տեղյակ պահեր: Խնդիրը Յուրի Վարդանյանի հետ է:
Կատարվածը ոմանք վերագրել են Յուրի Վարդանյանին, ով «աբառոտկա է ֆռռացել» այն առումով, որ բացի այն բանից, որ հին վեճ ունի Ծառուկյանի հետ, օրերս էլ մի նեղ միջավայրում բողոքել է Ծառուկյանից, որ դրսում հաղթանակ տարած սպորտսմեններին մենակ է գնում-դիմավորում օդանավակայանում, իրեն չի զգուշացնում, ու «ստացվում է, որ սպորտի բնագավառի բոլոր ձեռքբերումները Ծառուկյանին են պատկանում»:
Ի դեպ, երեկ ողջ օրը մենք փորձեցինք այս եւ իրենց ապագա անելիքների շուրջ իմանալ Իվետա Տոնոյանի եւ ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի տեսակետները, երկուսն էլ «թռած» էին` չէին պատասխանում հեռախոսազանգերին: Զանգերին չէր պատասխանում նաեւ Էդոն` Ծառուկյանի հետ կապի միակ հնարավորությունը: Մեր տեղեկություններով` Բրյուսելից վերադարձող նախագահին դիմավորող Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին ներս են թողել իրենց անվտանգության աշխատակիցների հետ, բացի Գագիկ Ծառուկյանից: Վերջինիս անվտանգության պետն սպասել է դրսում»,- գրում է թերթը: