ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին իրոք դժվարին օրեր են սպասվում: Այսօր ԱԺ-ում կայացած ասուլիսի ժամանակ կրկին իր հայտարարությունը կրկնեց ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նա նաև հավելեց, որ նույն դժվարին օրերը սպասվում են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ «Ժառանգությունը» բոլոր կողմերով պայքար է տանելու և հասնելու իր ցանկալի արդյունքի:
Անդրադառնալով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում Ժառանգության այլևս ներկայացված չլինելուն, նա նշեց, որ այսպիսի զարգացումներ սպասելի էին նաև սկզբում, երբ դեռ նոր էր որոշվում այդ պատվիրակության կազմը:
«Այն ժամանակ իրենք ուղղակի ժողովրդավար էին ձևանում, իսկ հիմա իրական գործունեությունն է երևում», - նշեց նա , հավելելով, որ այս պահի դրությամբ պաշտոնական որևէ փաստաթուղթ չի ներկայացվել ԵԽԽՎ:
Անդրադառնալով Ռուբեն Հակոբյանի հրաժարականին, նա նշեց, որ այն կապ չունի իմ գործունեության հետ: «Նա իմ ավագ ընկերն է և մեր մեջ կա պայմանավորվածություն, որ այս առաքելությունը ես կարողանամ իրականացնել, ոչ մի արտառոց բան չի եղել», - նշեց նա:
Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք երեկ իր և Լևոն Զուրաբյանի խոսակցության սղագրության մեջ արժանահավատ բան կա, նա պատասխանեց. «Պետք է դիմել իրենց՝ Հովիկին և Լյովիկին, ես չգիտեմ ով է սղագրել, եթե իրենք են սղագրել, դիմեք իրենց: Եթե Հովիկի աշխատասենյակում կա մեկը, ով սղագրում է, դիմեք իրենց, ես տեղյակ չեմ», - եզրափակեց նա: