Մաքսային միությունը տնտեսական տարածքում առևտրային հարաբերությունները զարգացնելու հնարավորություն է ստեղծում: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, նման կարծիք հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհել Շահգելդյանը:

Նրա խոսքերով, այդ ամենը դրական է ազդելու և նոր ներդրումներ կատարելու հնարավորություն կապահովի:

«Ռուսաստանում ունենք 2,5 մլն հայ, որոնց մեծամասնությունը գործարար են և ունեն ցանկություններ նաև Հայաստանի հետ համագործակցելու: Վարդագույն ակնոցներով չեմ նայում ամեն ինչին, սակայն ամեն ինչ ցույց է տալիս, որ Մաքսային միությանը միանալը դրական արդյունք է տալու», - նշեց նա:

Պատասխանելով այն հարցին, թե Մաքսային Միության պայմանագիրը տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական տարրեր է պարունակում, պատգամավորը պատասխանեց. «Դուք ինձ ցույց տվեք մի միջազգային պայմանագիր, որը կամ միայն տնտեսական է, կամ միայն քաղաքական», - նշեց նա:

Պատգամավորի խոսքերով, ցանկացած դեպքում Մաքսային միության փաստաթուղթը նաև քաղաքական տարրեր է պարունակում, չնայած որ այն մեծամասամբ տնտեսական է: