Այդքան էլ հեշտ չէ հանցագործություն կատարել ու անպատիժ մնալ: Սակայն որոշ մարդիկ կարողացել են խուսափել բռնվելուց` թողնելով մինչև օրս չփակված գործեր: Եթե մտադիր եք դառնալ պրոֆեսիոնալ հանցագործ, ցանկալի է, որ բծախնդիր կերպով ջնջեք բոլոր հետքերն ու չթողնեք ոստիկաններին ձեզ գտնելու կամ կասկածի տակ առնելու որևէ պատճառ: Այս մարդկանց հավանաբար ոչ ոք չէր տվել նման խորհուրդ:

10. Էնթոնի Գարսիա

Պատժից խուսափած հանցագործը ունենում է թեթևության անասելի զգացում ու փրկությունը տոնելու ուժեղ ցանկություն: Ամեն օր չէ, որ հաջողվում է սպանություն գործել ու ոչ մի հետք չթողնել: Պատկերացրե՛ք թեթևության ինչ զգացումով է նա խուսափել ձերբակալվելուց: Ու հիմա մտածեք` ինչպիսի հիմար է պետք լինել այդքանից հետո սպանության տեսարանը կրծքին դաջելու համար:

Հենց սա է Էնթոնի Գարսիայի պատմությունը: Գարսիան Լոս Անջելեսի հանցագործ խմբավորումներից մեկի անդամն էր, ով խմիչքի խանութի կողոպուտի ժամանակ մարդ էր սպանել ու չորս տարի խուսափել պատժից: Այդպես անպատիժ մնաց, մինչև նրան ձերբակալեցին անվավեր վարորդական իրավունքի համար: Լուսանկարելու ժամանակ ոստիկանները նկատեցին նրա յուրօրինակ դաջվածքները: Շատ չանցած`կարողացան տեսնել կապը սպանության ու այն մանրամասն պատկերող դաջվածքների միջև:

9. Մարք Մուր

Հեծանվի գողությունը, իհարկե, շատ ավելի թեթև հանցանք է քան սպանությունը, բռնաբարությունը կամ ծեծը, բայց միևնույնն է` այստեղ էլ կան զոհեր: Որոշ քանակությամբ հեծանիվներ գողանալով կարելի է բավականին լավ գումար ձեռք բերել: Հենց այդպիսի մասնագիտություն էլ ընտրել էր Սան Ֆրանցիսկոյի բնակիչ հիսունյոթամյա Մարք Մուրը: Ձերբակալման ժամանակ ոստիկանները նրա մոտ գտան տասը հեծանիվ ու մի շարք անիվներ, նստարաններ ու հեծանիվի կմախքներ:

Մասնագետ գողի հետքը հեշտությամբ գտան, երբ փորձեց տիրոջը վաճառել գողացած հեծանիվներից մեկը: Վերջինս համացանցում տեսել էր ժամանակին իրեն պատկանող ապրանքն ու գնել այն` նախօրոք տեղեկացնելով ոստիկաններին: Մուրին մեղադրանք ներկայացվեց գողության, պայմանական վաղաժամկետ ազատման պայմանների խախտման և հրազենի անօրինական պահման համար: Նա երևի հասկացավ, որ պետք է հեռու մնար Քրեգսլիսթից:

8. Բրիթանի Էլդեր, Տրենթ Բլայ և Ջոզեֆ Դեյվիս

Ի՞նչ կզգայիք, եթե աշխատավայրում հանգիստ աշխատելիս տեսնեիք, թե ինչպես են փորձում գողանալ Ձեր մեքենայի անիվները: Պատկերացրեք, հետո ինչ վիճակում կլինեիք, եթե փորձեիք կանխել գողությունը, ու Ձեզ վրա հարձակվեին ու մտցնեին մեքենայի բեռնախցիկը:

Քենթուքիի Լուիսվիլ քաղաքում տեղի ունեցած այս պատահարում Բրիթանի Էլդերը, Տրենթ Բլայն ու Ջոզեֆ Դեյվիսը սովորական գողերից վերածվեցին գազալցակայանի աշխատողի առևանգողների: Հետո նստեցին վերջինիս մեքենան ու հեռացան դեպքի վայրից: Բախտի բերմամբ համարանիշների լիցենզիան հնացել էր, ինչի համար էլ ոստիկանները կանգնեցրին մեքենան: Լսելով նրանց ձայները` աշխատողը սկսեց բղավել ու խփել բեռնախցիկի պատերին: Օրինապահները միանգամից հասկացան, որ կատարվել էր ուշացած գրանցումից լուրջ հանցագործություն:

7. Հանա Սաբաթա

Տրամաբանական կլիներ ենթադրել, որ մարդիկ մեծ մասամբ հասկացել են պարզ փաստը. հանցագործությունները պետք է հեռու պահել համացանցից: Սակայն մենք զվարճանալու լավ առիթներ կկորցնեինք, եթե բոլորն այդքան խելացի լինեին: Սովորաբար նման դեպքերում օրինապահներին օգնում են Facebook-ի տիպի սոցցանցերը: Բայց Հանա Սաբաթան է՛լ ավելի հեռու էր գնացել` ենթադրելով, որ ոստիկանները կունենային իր օգնության կարիքը: Նա իր կատարած հանցագործության մասին պատմող տեսանյութ էր պատրաստել ու տեղադրել youtube-ում` ի ցույց ամբողջ աշխարհի:

Սա վանդալիզմով կամ նման զանցանքով պարծեցող հերթական անխելք տասնինը տարեկանը չէր: Ոչ, այս անգամ անխելքը բանկ էր թալանել ու մեքենա գողացել: Այնքան էր ուրախացել, որ սկսել էր իր վարպետությամբ պարծենալ համացանցում: Սակայն մտքով չէր անցել կատարածի հետքերը կոծկել:

6. Ջեյմս Ալան

«Գողոն» (անգլ.` Snatch) ֆիլմում մի տեսարան կա, որտեղ երեք զինված կողոպտիչները փակված են մնում սենյակում` չհասկանալով` դուռը պետք է հրե՞լ, թե քաշել: Տեսարանն այնքան ծիծաղելի է, որ նայողի մտքով չի անցնի, որ իրական կյանքում էլ կարող է նման բան կատարվել: Ո՞վ կհավատար, որ կան նման հիմարներ:

Բայց կա առնվազն մեկը ` Ջեյմս Ալանը: Քսանութ տարեկան այս մարդը փորձել էր խանութ կողոպտել ու ձախողվել` դուռը քաշելու փոխարեն հրելու պատճառով: Ավելին` ձեռքի ատրճանակը խաղալիք էր, հետո էլ դիմակը հանել էր` ցուցադրելով դեմքն անվտանգության տեսախցիկին: Ձախողումների շարքին ավելացավ նաև այն փաստը, որ Ալանը խանութի մշտական հաճախորդ էր ու տասը օր առաջ արդեն կողոպտել էր այն: Կարելի է վստահաբար ասել, որ ոչ չի մտածի Ալանին մեղադրել վարպետորեն իրագործված գողության համար:

5. Ֆեյսբուքյան ավազակները

Ֆեյսբուքը սովորաբար անվտանգ է: Սակայն պետք է հիշել,որ այնտեղ պահվում են նկարներ ու անձնական տվյալներ, որոնք հեշտությմաբ կարող են դառնալ հասանելի, մանավանդ երբ մտնում եք սրճարան ու մոռանում դուրս գալ կայքից: Վիճակն է՛լ ավելի է վատանում, երբ այդքանից հետո որոշում եք հրազենի սպառնալիքով կողոպտել սրճարանը:
Հենց այսպիսի դեպք տեղի ունեցավ Կոլումբիայի Կալիմա քաղաքում, երբ երկու տղամարդ մտան ինտերնետ սրճարան ու նստեցին համակարգիչների առաջ: Համացանցում որոշ ժամանակ անց կացնելուց հետո երկուսով հանեցին ատրճանակները, կողոպտեցին սրճարանն ու հեռացան մոտոցիկլետներով: Նրանց երևի չէին էլ գտնի, եթե հանցագործներից մեկը մոռացած չլիներ դուրս գալ իր ֆեյսբուքյան էջից: Ոստիկանությունը հեշտությամբ գտավ նրան` օգտվելով էջում գրված տան հասցեից:

4. Ռիչարդ Ալմարաուի

Վաղաժամկետ պայմանական ազատում ստացավ հանցագործների ոտքերին հաճախ ամրացնում են հատուկ սարք, որի միջոցով հետևում են նրանց անց ու դարձին, որպեսզի վստահ լինեն, որ վերջիններս չեն գործում նոր զանցանքներ: Անգլիայի Նորֆոլք քաղաքի բնակիչ Ռիչարդ Ալմարուին հենց այսպիսի հանցագործ էր:

Սակայն նա դաս քաղե՞ց տեղի ունեցածից: Իհարկե, ոչ: Ընդհակառակը, գործերով զբաղվելու ու ազատ կյանքը վայելելու փոխարեն Ալմարուին մտածեց, որ շատ ավելի լավ կլիներ մտնել ուսանողներից մեկը սենյակն ու գողանալ համակարգիչը: Ոստիկանները կարճ ժամանակում ձերբակալեցին նրան` օգտվելով այն հանգամանքից, որ դա Ալմարաուիի առաջին հանցագործությունը չէր: Ու, իհարկե, ոտքին ամրացված սարքն ամբողջ ժամանակ գրանցել էր նրա բոլոր շարժումները:

3. Թեդ Բանդի

Մարդկության պատմության ամենասոսկալի մարդասպաններից մեկը` Թեդ Բանդին, կրում էր «Սրտեր գերող» մականունը, քանի որ առևանգում, բռնաբարում ու դաժան ծեծի էր ենթարկում երիտասարդ ու գեղեցիկ կանանց: Նրա մոտ կային նաև այլ խանգարումներ` նեկրոֆիլ էր (այո՛, բուն իմաստով): Այսպես ասենք. սիրում էր երբեմն այցելել իր մահացած զոհերին:

Բանդիին 1975-ին Յութայում ձերբակալեց ճանապարհային ոստիկանության սերժանտ Բոբ Հեյվարդը: Ամեն ինչ արագ եղավ: Ոստիկանը գիշերվա 2:30-ին նկատեց կասկածելի մեքենա, որ ընթանում էր իր հսկողության տարածքով: Փորձեց կանգնեցնել Ֆոլքսվագեն Բիթլը, բայց Բանդին ճողոպրելու ապարդյուն փորձ կատարեց: Նրան կանգնեցնելուց հետո Հեյվարդը նայեց մեքենայի հետևի նստարանին ու տեսավ դռներ բացելու համար անհրաժեշտ գործիքները:

2. Թիմոթի Մաքվեյ

1995-ին Ամերիկայում տեղի ունեցավ աննախադեպ ահաբեկչություն. Օքլահոմա Սիթիի Դաշնային շենքում պայթեցվեց պայթուցիկով բեռնված մեքենա: Սպանվեց 168, վիրավորվեց ավելի քան 800 մարդ: Սա սեպտեմբերի 11-ից առաջ Ամերիկայում տեղի ունեցած ամենասոսկալի ահաբեկչությունն էր: Մանրազնին հետախուզությունից հետո իրավապահները պարզեցին, որ պայթյունի համար օգտագործված բեռնատարը վարձել էր Թիմոթի Մաքվեյը: Պետք էր նրան գտնել ու ձերբակալել:

Մաքվեյին բռնեցին սովորական ճանապարհային ստուգման ընթացքում: Ճանապարհային ոստիկան Չարլի Հանգերը գնում էր դեպի ահաբեկչության վայր, երբ նրան զանգեցին ու կարգադրեցին մնալ տեղում ու հսկել մայրուղին: Հենց այս պատահականությունն էլ օգնեց խնդիրը լուծել: Տեսավ, որ Մաքվեյի մեքենան չունի գրանցում, ու կանգնեցրեց, որ տուգանի: Մաքվեյին տուգանքի պատճառի մասին տեղեկացնելիս նկատեց նրա շորի տակի կասկածելի առարկան: Մեկ ակնթարթ հետո Հանգերն իրագործեց իր կարիերայի ամենափայլուն ձերբակալությունը: Այս դեպքն էլ կրկին հաստատեց, որ հանցագործության պետք է գնալ վավերական գրանցում ունեցող մեքենայով:

1. Դեյվիդ Բերքովից

Հերթական տխրահռչակ սերիական մարդասպանը Դեյվիդ Բերքովիցն է` «Սեմի որդին»: Նա էր 1970-ականներին վեց սպանության շարքով ահաբեկում Նյու Յորքի բնակիչներին: Ոստիկանությունը հատուկ կազմակերպեց Օպերացիա օմեգան` փորձելով կանխել նոր հանցագործությունները: Նրան ձերբակալեցին կայանման ծանուցագրի շնորհիվ: Սպանության գնալուց Բերքովիցը մեքենան կանգնեցրել էր ջրի խողովակի առաջ: Մի կին տեսել էր, թե ինչպես է նա պատռում սխալ կայանման համար տուգանքի ծանուցումն ու տեղեկացրել էր ոստիկաններին: Սեմի որդին երևի այդպես էլ անպատիժ կմնար, եթե նման չնչին զանցանքով չգրավեր օրինապահների ուշադրությունը: Չնայած, այդքան էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Բերքովիցը պնդում էր, թե հրահանգները ստանում էր իր շնից. շները տանել չեն կարողանում ջրի խողովակներ: