2014թ. բյուջեում ոչ ամբողջովին են հաշվի առնված այն մարտահրավերներ, որոնք կան այս պահին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հաջորդ տարվա պետբյուջեի նախագծին, նման տեսակետ արտահայտեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքերով, այն տնտեսական աճը, որը ֆիքսված է բյուջեում, չի արտացոլում այն իրողությունը, որն ունի մեր տնտեսությունը:
Ներկայացնելով «Հայաստանի տնտեսության աճի և մարդկային զարգացման ճանապարհին» փաստաթուղթը, նա ներկայացրեց, որ այնտեղ նշված է թե Հայաստանը ինչ պետք է անի այդ երկնիշ տնտեսական թիվն ապահովելու համար:
Հաջորդ ներկայացված «Հայկական սցենարներ» փաստաթուղթը երկրորդն է : Նա նշեց, որ մշակված են հինգ սցենարներ, որոնք պայմանավորված են և ներքին և արտաքին սցենարներով:
«Մենք չենք բացառում որևէ զարգացում և պետք է պատրաստ լինենք դրան», - նշեց նա:
Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ պետք է արվի այդ երկնիշ տնտեսական թիվն ապահովելու համար, նա նշեց, որ կան մի քանի փուլեր, որոնք անհրաժեշտ է կատարել:
Բանախոսի խոսքերով, դրանք մարդկային ռեսուրսների հաշվառումն է, բնական ռեսուրների հաշվառումը, մրցակցային առավելությունների բացահայտումը:
Ըստ Մանասերյանի, շատ կարևոր է մրցունակության ազգային մոդելի ձևավորումը: «Մենք հստակ պետք է ունենանք Հայաստանի տնտեսության զարգացման ազգային մոդել և նպաստավոր միջավայր հատկապես փոքր և միջին բիզնեսի ուղղությամբ», - նշեց նա:
Ամենակարիևորը, ըստ տնտեսագետի, տնտեսական անվտանգության ապահովումն է, քանի որ խոցելի ենք նույնիսկ այն ոլորտներում որտեղ ինքնաբավ ենք համարվում:
Նրա խոսքերով, որևէ ուսումնասիրություն, թե ինչ ազդեցություն կունենա ՄՄ-ն բյուջեի վրա, չի արվել: «Մենք այժմ անում ենք այդ հետազոտությունը, թե որ գործոններից է կախված հաջողությունը, դա նաև մաքսատուրքերն են, թե ինչ վնաս կկրի Հայաստանը մաքսատուրքերի բացակայության ժամանակ», - նշեց նա:
Տնտեսագետի խոսքերով, գիտական փաստարկներ շատ ծրագրերում բացակայում են: Ըստ նրա շատ քիչ ապրանքատեսակներ կան, որոնց գծով մեր արտահանումը կշահեր հատկապես ԱՊՀ շուկաներում:
«Կան դրական կողմեր, բայց պետք է հաշվի առնել որ ԱՊՀ-ի հետ բացառությամբ Ադրբեջանի մենք ունենք առևտրային կապեր և փոփոխություն որպես այդպիսին չի սպասվում, մենք պետք է հաշվի առնենք միայն շուկաների ընդլայնումը», - եզրափակեց նա: