Մարդու իրավունքների պաշտպանը դեռեւս տարեսկզբին սեփական նախաձեռնությամբ սկսել էր ՀՀ զինված ուժերում ծեծի, այլ բռնի գործողությունների ենթարկված եւ հետագայում մահացած զինծառայող Ժորա Մկրտչյանի քրեական գործի ուսումնասիրությունը: Դրա արդյունքում կայացվել է «Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու, խախտումը վերացնելու վերաբերյալ առաջարկ ներկայացնելու մասին» Պաշտպանի որոշումը:
Քրեական գործի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նախաքննական մարմնի կողմից անհապաղ չեն ձեռնակվել միջոցներ անհրաժեշտ փորձաքննություններ նշանակելու ուղղությամբ եւ դատաբժշկական ու դատահոգեբուժական լիարժեք փորձաքննությունները իրականացվել են բավական ուշացումով: Բացի այդ, նախաքննական մարմինը չի ապահովել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտում Ժորա Մկրտչյանին ապօրինի կերպով մարտական հերթապահության ուղարկած պաշտոնատար անձանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու հարցում:
Գնահատելով տվյալ քրեական գործում տեղ գտած բացթողումները եւ թերացումները, Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան առաջարկներ է արել պատկան մարմիններին:
Զինվորական դատախազությանն առաջարկվել է ուժեղացնել վերահսկողությունը նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ` մինչդատական վարույթի ընթացքում էական խախտումները բացառելու նպատակով:
Դատախազությանն ու Առողջապահության նախարարությանն առաջարկվել է հնարավորինս սեղմ ժամկետում շրջանառության մեջ դնել «Առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Առաջարկվել է նաեւ սահմանել դատաբժշկական փորձաքննությունների միասնական եւ հստակ չափորոշիչներ` հնարավորություն տալով ժամանակին եւ ստույգ որոշելու մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը՝ նվազեցնելով կրկնակի եւ հանձնաժողովային փորձաքննությունների նշանակման ու կատարման անհրաժեշտությունը, որպեսզի չխախտվեն ինչպես նյութերի նախապատրաստման, այնպես էլ քրեական գործերի նախաքննության օրենքով սահմանված ժամկետները:
ՀՀ պաշտպանության նախարարությանն առաջարկվել է խիստ վերահսկողություն սահմանել սահմանափակումով զորակոչված զինծառայողների (համապատասխան արգելքով) մարտական հերթափոխին մասնակցությունը բացառելու ուղղությամբ, ինչպես նաեւ այլ սահմանափակումներով զորակոչված զինծառայողների զինվորական ծառայության պայմանների նկատմամբ:
Խնդրի առնչությամբ Գլխավոր դատախազությունից Պշտպանին հայտնել են հայտնել են, որ Դատախազությունում «Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու, խախտումը վերացնելու վերաբերյալ առաջարկ ներկայացնելու մասին» որոշումը քննարկվել է եւ ընդունվել ի գիտություն, իսկ «Առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը դեռեւս քննարկումների փուլում է:
Պաշտպանության նախարարությունից Պաշտպանին տեղեկացրել են, որ նախարարության համապատասխան կայազորային քննչական բաժնի ողջ անձնակազմի մասնակցությամբ կազմակերպվել է որոշման քննարկում եւ անձնակազմի ուշադրությունն է հրավիրվել քննչական եւ այլ դատավարական գործողություններն առավել օպերատիվ եւ ավելի սեղմ ժամկետներում կատարելու, նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Բացի այդ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին հանձնարարվել է շարային ծառայության սահմանափակումով պիտանի զինծառայողներին համապատասխան պաշտոնների նշանակման ընթացակարգն առավել հստակեցնել եւ բացառել նմանատիպ խախտումների դեպքերը: