ԼՂՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետբյուջե-2013» նախագծին
Վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը:
Նախ` գործադիրի քննարկմանը ներկայացվեց «ԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը: Նա ընդգծել է, որ նախագիծը մշակելիս առաջնորդվել են նախագահի նախընտրական, 2012-17թթ կառավարության գործունեության, ինչպես նաև 2014- 2016 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերով ամրագրված սկզբունքներով: 2014թ. համախառն ներքին արդյունքի ծավալը կանխատեսվում է 189,1 մլրդ դրամի չափով` ապահովելով 9 տոկոս իրական աճ: Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2014թ. բյուջեն եկամուտների գծով կկազմի մոտ 77 մլրդ 138 մլն, իսկ ծախսերի գծով` 80 մլրդ 660 մլն, դեֆիցիտը կկազմի 3 մլրդ 522 մլն դրամ: Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ-ին հատկացվող միջպետական վարկը 2014թ. կկազմի մոտ 44 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 11 տոկոսով:
Գալիք տարվանից արմատական փոփոխություն է սպասվում պետական հատվածի վարձատրության գործընթացում: Կառավարության կողմից մշակվել և պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի և դրանից բխող մի շարք այլ օրենքներում համապատասխան փոփոխությունների նախագծերի փաթեթը, համաձայն որի ներդրվում է պետական հատվածի աշխատողների վարձատրության միասնական նոր համակարգ: Աշխատանքի վարձատրության հաշվարկման համար հիմք հանդիսացող բազային միավոր է ընդունվում նվազագույն ամսական աշխատավարձը, որը 2014 թվականի հուլիսի 1-ից կսահմանվի 50.000 դրամ, գործող 45 հազար դրամի փոխարեն: Նոր համակարգը նպատակաուղղված է աշխատանքի վարձատրության չափերի միջև գոյություն ունեցող հարաբերակցության անհամապատասպանությունները շտկելուն, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի միջև հիմնավորված տարբերակում մտցնելուն, պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիության և միասնականության ապահովմանը: Օրենքը նախատեսվում է կիրարկել ներդնել 2014 թվականի հուլիսի 1-ից: Աշխատավարձերի բարձրացման գործընթացի ապահովման նպատակով պետական բյուջեով նախատեսվել է շուրջ 3.8 մլրդ դրամ:
2014 թվականի հունվարի 1-ից կառավարությունը նախատեսում է բարձրացնել պետական բյուջեից վճարվող կենսաթոշակների չափերը: Հիմնական կենսաթոշակը 2014 թվականի պետական բյուջեում ծրագրվել է 14000 դրամի չափով, որը 7.7 տոկոսով բարձր է 2013 թվականի մակարդակից (13000 դրամ): Սոցիալական միջին ամսական կենսաթոշակը կկազմի 18300 դրամ` 2013 թվականի 17200 դրամի դիմաց, իսկ աշխատանքային կենսաթոշակի միջինը` 37800 դրամ` 2013 թվականին ծրագրված 32700 դրամի փոխարեն:
Ներկայացնելով այն կարևոր խնդիրները, որոնց լուծմանն է միտված 2014թ. պետական բյուջեն, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը նշեց, որ նպատակ է դրված ապահովել նախորդ տարիների ձեռքբերումների շարունակական զարգացումը, նաև նախադրյալներ ստեղծել տնտեսական, սոցիալական և կառավարման համակարգերի իրատեսական բարեփոխումների համար: Հաշվի առնելով աշխատավարձերի արմատական բարձրացումը, վարչապետ Ա. Հարությունյանը նշեց, որ առաջիկա տարիներին այլ խոշոր ծրագրեր պետական ֆինանսավորում չեն ստանա և կոչ արեց ֆինանսական միջոցներն օգտագործել հնարավորինս խնայողաբար:
«Եկամտային հարկի մասին» և դրանից բխող մի շարք օրենքներում առաջարկվող` նիստում հավանության արժանացած փոփոխություններով կմիասնականացվեն ներկայումս գործող եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, կկրճատվեն հարկ վճարողների կողմից ներկայացվող հաշվետվությունների տեսակները և կպարզեցվեն հաշվարկման մեթոդները, ինչպես նաև բարենպաստ օրենսդրական դաշտ կստեղծվի իրականացվելիք կենսաթոշակային բարեփոխումների համար:
«Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ԼՂՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի ընդունմամբ օրենսդրորեն կսահմանվեն ԼՂՀ հանրային ծառայության սկզբունքները, հանրային ծառայության կազմակերպման կարգը, էթիկայի կանոնները, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությունը: Նախագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:
Զբաղվածության ոլորտում ակտիվ քաղաքականության իրականացման անհրաժեշտությունից ելնելով գործադիրը հանդես եկավ օրենսդրական նոր նախաձեռնությամբ: «Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքի առաջարկվող նախագիծը նպատակաուղղված է բնակչության զբաղվածության պետական կարգավորմանը, աշխատուժի առաջարկի և պահանջարկի հաշվեկշռային և կառուցվածքային համապատասխանությանը՝ ֆինանսավարկային, ներդրումային, հարկային և ժողովրդագրական քաղաքականության միջոցով:
««Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել աշխատանքային կենսաթոշակների հաշվարկման բանաձևը (կսահմանվի աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի տարբերակված չափ, ինչպես նաև կամրագրվի կենսաթոշակառուի անձնական գործակցի հաշվարկման նոր կարգ), ինչի շնորհիվ կաճի ցածր կենսաթոշակ ստացող անձանց թոշակի չափը և միջնաժամկետ և երկարաժամկետ ապագայում կապահովվի համակարգի ֆինանսական կայունությունը:
Օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում նաև հարկային դաշտում. դրանք հիմնականում պայմանավորված են հանրապետությունում ձեռագործ գորգերի արտադրության մեջ շահութահարկի վերանայման, հարկային մարմին ներկայացվող հաշվետվական փաստաթղթերի ժամկետների միասնականացման, ինչպես նաև բարեգործական և բացառապես անվճար հիմունքներով ատամնաբուժական գործունեություն իրականացնող անձանց հաստատագրված վճարներ կատարելու պարտավորությունից ազատման, գործունեության որոշ տեսակների համար սահմանված հաստատագրված վճարի չափերի վերանայման անհրաժեշտությամբ:
«Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծով կկարգավորվեն հարկային ծառայողների դասային կոչումների շնորհման հետ կապված խնդիրները, հարկային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառկման դեպքում համապատասխան մարմիններին տեղեկացնելու գործընթացը և կշտկվեն օրենքում առկա հակասություններն ու տերմինաբանական անհամապատասխանությունները:
Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:
Նիստում հավանության արժանացան երեխայի իրավունքների, հաշմանդամների սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման 2014թ. տարեկան ծրագրերը: Նախատեսվում է, մասնավորապես, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ստեղծել ու համալրել նոր աշխատատեղեր, աշխատաշուկայում ապահովել անմրցունակ խմբերի կայուն զբաղվածություն:
Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2014թ. ծրագիրը նպատակաուղղված է երկրի տնտեսական աճի կայունության ապահովմանը՝ տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն: Ներկայացված ծրագիրը կառավարությունը հիմնականում իրականացնելու է երկու կառույցների` Արցախի ներդրումային ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամների միջոցով` պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների և սեփական եկամուտների շրջանակներում (2014 թվականին պետական բյուջեով նախատեսվում է Արցախի ներդրումային հիմնադրամին տրամադրել 2 500.0 միլիոն դրամ, իսկ Գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամին` 820.0 միլիոն դրամ):
Գործադիրի հավանությանն արժանացան նաև ԼՂՀ 2014թ. առողջապահական, գիտական, գիտատեխնիկական, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական նպատակային ծրագրերը:
Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարությա տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: