«168 ժամը» գրում է. «Ինչպես եւ կանխատեսվում էր, Արեւելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովի շրջանակներում երեկ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն: Երեկ արդեն իսկ Հայաստանի իշխանական շրջանակները հասցրել են այդ հայտարարությունը որակել որպես իմաստուն արտաքին քաղաքականության մեծ ձեռքբերում եւ «եւ-եւ»-ի քաղաքականության շարունակության դրսեւորում:

Իրականում, սակայն, Եվրամիությունն այդ հայտարարությամբ արձանագրել է «եւ-եւ»-ի քաղաքականության տապալումը եւ այն, որ Եվրոպայի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանն, այնուամենայնիվ, առաջնորդվել է «կամ-կամ»-ով ու ընտրել է Ռուսաստանը: «Եվրոպական Միությունն ու Հայաստանն արձանագրում են, որ ավարտել են Ասոցացման համաձայնագրի, այդ թվում` Խորը եւ Համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները, սակայն չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ»,- սա Վիլնյուսում ընդունված համատեղ հայտարարության միակ առարկայական հատվածն է, որը պարզ եւ հասկանալի կերպով ցույց է տալիս, որ Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվել այն պատճառով, որ «Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ», այսինքն՝ անդամակցում է մի միության, որն անհամատեղելի է ԵՄ-ի հետ:

Իհարկե, դրական կարելի է համարել այն, որ հայտարարության մեջ տեղ է գտել «ավարտել են բանակցությունները» արտահայտությունը, ինչը նշանակում է, որ, եթե Հայաստանը հրաժարվի «նոր միջազգային հանձնառություններից», ԵՄ-ն պատրաստ է նախաստորագրել համաձայնագրերն` արդեն իսկ բանակցված տեսքով: Ով` ով, բայց եվրոպացիները շատ լավ գիտեն, որ Հայաստանը «միջազգային հանձնառություններից» հրաժարվելու սովորություն ունի եւ ընդամենը 3 ամիս առաջ է հրաժարվել 3.5 տարի շարունակ ԵՄ-ի հետ բանակցվող «հանձնառություններից»: Այսինքն՝ ԵՄ-ն Հայաստանին դեռ որոշակի հնարավորություն տալիս է` հաշվի չառնելով, որ Հայաստանը, այդուհանդերձ, շարունակում է «եւ-եւ»-ի քաղաքականությունը, ու այդ քաղաքականության շրջանակներում ընտրել է եւ՛ Ռուսաստանին, եւ՛ էլի Ռուսաստանին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: