Այսօր ԱԺ-ի հարց ու պատասխանի ժամին գազի գնի հետ կապված հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նախ պատգամավորը ցանկանում էր իմանալ, թե ինպես եղավ, որ «ՀայՌուսԳազարդ»-ի 65 մլրդ դրամ պարտքը դարձավ 63 մլրդ:

«Այս տարվա պարտքը որքա՞ն է կազմում և ինչի հիման վրա է փակելու պարտքը Ռուսաստանը: Ինչու՞ կատավարությունը պետք է փակեր մասնավոր ընկերության պարտքն ամբողջությամբ», - հարցրեց նա:

Պատգամավորի հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

«Գազի գնի բարձրացված հարցերը սկսվել են դեռ 2010-ից, երբ խոսակցություններ սկսեցին, որ գազը կսկսի թանկանալ: Մենք 2011-ին բանակցություններ սկսեցինք ռուսական կողմից հետ, որպեսզի գազը շարունակենք ներկրել մինչ այդ եղած գնով մինչ բանակցություններն ավարտելը: Այդ թվականից բանակցությունները շարունակվեցին մինչ օրս և հիմա արդեն տեղյակ եք, որ գազի գինը կլինի 189 դոլար և երեսուն տոկոս մաքսատուրքերը Ռուսաստանը կազատի Հայաստանին», - նշեց նա:

Նախարարի խոսքերով, 2011-ից առ այսօր պարտքը, որն առաջացել էր սահմանին այդ գնով գազ ներկրելու պատճառով, կազմում է մոտ 300 մլն դոլար:

«Մեր պայմանավորվածության համաձայն ռուսական կողմի հետ՝ պարտքի մի մասը փակում ենք մենք, մյուս մասը իրենք: Սա է ամբողջ սխեման»« - նշեց նա:
Նա նշեց, որ մինչ 2018 թ. ռուսական կողմի վրա այդ բեռը կնստի շուրջ 1.1 մլդ դրամ, որից ՀՀ-ն կմուծի 155 մլն-ը:
«Հիմա ինչ է ստացվում: Կամ պետք է այդ գումարը «քյաշ» փողով վճարենք, կամ պետք է ինչ-որ ձևով տայինք», - նշեց նա, ինչին ի պատասխան Արամ Մանուկյանը կրկնեց իր հարցերն ու խնդրեց կոնկրետ պատասխան տալ, ինչին ի պատասխան էլ նախարարը շարունակեց.
«Պարտքը պետք է ինչ-որ ձևով մարվել: Այդ պարտքը գոյացել է ոչ թե «ՀայՌուսգազարդ»-ի անշնորհք աշխատանքի պատճառով, այլ այն գոյացել է նրա պատճառով, որ կառավարությունը ձգտել է մեղմել հասարակության վիճակը և չթանկացնել գազը: Ու՞մ, ի՞նչ ձևով, ու՞մ գրպանից, կառավարությունն է որոշել, նա էլ պետք է վճարի «քյաշ» փողով», եզրափակեց նախարարը:

Նշենք, որ «ՀայռուսԳազարդ»-ի պարտքերը ՀՀ-ն մարել է 20 % բաժնեմասը ՌԴ-ին հանձնելով, այլ ոչ թե «քյաշ»  փողի տարբերակով: