ԱԺ նիստում քննարկվում է ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված ԱԺ չորս խմբակցությունների օրենսդրական նախաձեռնությունը՝ գազի պարտքի վերաբերյալ հաշվիչ հանձնաժողովի ստեղծելու մասին։

Մասնավորապես հանձնաժողովը պետք է քննարկի, թե ինչպես է կուտակվել 300 միլիոն դոլար պարտքը և ինչպես է ձեւավորվել գազի գինը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ելույթում նշեց, որ այդպես էլ համոզիչ չբացատրվեց, թե ինչպես առաջացավ այդ 300 մլն–ի պարտքը։ Ինչպես եղավ,որ գազը Հայաստան մտնում է 159 դոլարով, բայց վաճառվում է 204–ով։

«Հայաստանն արտաքին պարտք է կուտակել հակասահմանադրական կարգով»,– նշեց նա։

Ըստ Ռուբեն Հակոբյանի, խախտվել է «Պետական բյուջեի հաստատման մասին», «Արտաքին պարտքի մասին» օրենքները։

«Չի կարելի ունենալ այդքան պարտք և բերել հաստատել ԱԺ–ում։ Եթե դուք ասում եք, որ սա մեր կողմից շահարկում է, ապա ես կարող եմ վստահեցնել, որ դա այդպես չէ։ Մենք սովորել ենք քաղաքական հարթություն տանել և շահարկել քաղաքական հարցեր, բայց ի՞նչ շահարկում, երբ ես ուզում եմ իմանալ, թե այդ պարտքը որտեղ է կուտակվել և ինչպես»,– ասաց Հակոբյանը և հավելեց.

«Հայաստանում իշխանություն ունենալ՝ նշանակում է ունենալ ամեն ինչ, պահել իշխանությունը՝ նշանակում է մի քանի անգամ 300 մլն դրամ ունենալ, նշանակում է ամբողջ պետական համակարգը խցկել սեփական հարազատներով, ընկերներով, իսկ մնացածներին Persona Non Grata հայտարարեք»:

Նրա խոսքերով, Ռուսաստանին կուտակած գազի պարտը թաքուն է պահվել բացառապես քաղաքական նպատակներով, որպեսզի դա որևէ կերպ չազդի ընտրությունների արդյունքների վրա։

Ռուբեն Հակոբյանը ողջունեց չորս քաղաքական ուժերի կողմից միասնական օրակարգ ձևավորելու քայլը և վստահություն հայտնեց, որ այս նախաձեռնությանը կմիանան նաև արտախորհրդարանական ուժերը։