«168 ժամ» թերթը գրում է. «Հունվարի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` առանց որեւէ պաշտոնական հիմնավորման, գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանն ազատվել էր ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:
Մեր տեղեկություններով՝ պաշտոնանկությունը կապված է «Հայբիզնեսբանկում» 2013թ. տեղի ունեցած մութ գործընթացների հետ: Հիշեցնենք, որ «Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը եւ այլ աշխատակիցներ կալանավորվել են:
Դեռեւս անցյալ տարի մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանի եղբայր Հակոբ Հովսեփյանը բանակցություններ էր վարում «Հայբիզնեսբանկի» հետ՝ այն ձեռք բերելու համար, սակայն աուդիտորական ստուգումներից հետո ոչ միայն հրաժարվել է գնել բանկը, այլեւ ֆինանսական լուրջ մեքենայություններ են բացահայտվել, որոնցով մինչ օրս զբաղվում են համապատասխան կառույցները:
Ըստ այդ հրապարակումների, աուդիտորներն ամիսների իրենց աշխատանքի ընթացքում պարզել էին, որ «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահը խոշոր ֆինանսական կորուստներ է արձանագրել, որոշ աշխատակիցներ ինչ-ինչ մարդկանց, առանց բանկի ղեկավարության իմացության եւ առանց գրավի վարկեր են տրամադրել, բանկի որոշ աշխատակիցներ էլ բանկի միջոցներից գումարներ են պարտվել խաղատներում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը եւս ի պաշտոնե ներգրավված է եղել բանկում տեղի ունեցած խարդախությունների քննության գործում եւ փորձել է գործարք առաջարկել գործով անցնող մեղադրյալներին: Նշվում է, որ Ռ. Հարությունյանը շատ խոշոր գումարի դիմաց խոստացել է փակել գործը: Ի դեպ, վերջինս պաշտոնանկությունից հետո մեկնել է Հայաստանից»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում