Նաիրիտ գործարանում ստեղծված իրավիճակին  ԱԺ-ում անդրադարձել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Շորհակալություն, որ անդրադարձաք Նաիրիտի հարցին, որովհետև դա ինձ հնարավարություն է տալիս արձագանքել երեկվա մեղադրանքներին, որոնք հնչում էին իմ հասցեին»:

Նա նշեց, որ այն մտահոգությունը, որ ունեին ՀՀԿ պատգամավորները, որ հարցը բարձրացնողներն իրականում շահագրգռված չէին, որ հարցը քննարկվեր, այլ քաղաքական շահարկումների տեղիք է տալու, ապացուցվեց:

«Բերեմ մի քանի փաստեր, որոնք հնչեցին երեկ պատգամավորների ելույթներում և որոնք բացարձակապես կապ չունեն իրականության հետ: Առաջինը, Չինաստանի հետ կապված պայմանագրի մասով՝ Չինաստանի պայմանագրին կառավարությունը հավանություն է տվել 2000 թվականին, բանակցություններն սկսել են 1999 թվականին, պայմանագիրն ստորագրվել է 2002 թվականին, իսկ հոսքագիծը տեղափոխվել է Չինաստան 2005 թվականին: Եվ ակնհայտ է, որ այդ մեղադրանքները, որոնք կապում էին իմ անձի հետ, իմ եղբայրների հետ, անհիմն է, շինծու է և սուտ»,- ասաց նա:

Վարչապետի խոսքերով, հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակ են հետապնդում իրենց ընդդիմախոսներն՝ այդ սուտ տեղեկատվությունը կապելով իր անձի հետ: Ըստ նրա՝ դա միայն մեկ նպատակ ունի՝ քաղաքական շահարկում է, որոնք իրեն վարկաբեկելու նպատակ են հետապնդում:

«Երկրորդ, այս փաստերը պարզելու համար, կարծում եմ կհամաձայնեք, հանձնաժողով ստեղծել պետք չէ, որովհետև կառավարության այս որոշումները, որոնք ես թվարկեցի, տեղադրված են մեր կայքում, և եթե մեր պատգամավորները ցանկություն ունեն, կարող են այդ բոլոր որոշումների հետ ծանոթանալ»,- ասաց նա:

Տիգրան Սագսյանն ասաց, որ այդ որոշումներն ընդունել են այն մարդիկ, ովքեր նստած են խորհրդարանի դահլիճում:

«Ինչո՞ւ է կառավարությունը 2002 թվականին հավանություն տվել այդ պայմանագրին և ինչո՞ւ են այդ համատեղ ձեռնարկությունն ստեղծել: Այդ ժամանակահատվածում Արմեն Սարգսյանը, ով այսօր մեր դեսպանն է Չինաստանում, ով պրոֆեսիոնալ դիվանագետ է, իր աշխատանքային գործունեությունն իրականացնում էր Միացյալ Նահանգներում՝ որպես ռազմական կցորդ, և Չինաստանում դեսպան է նշանակվել միայն 2008 թվականին»,- ասաց նա:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ երկրորդ փաստը, որը նույնպես ամրագրված է կառավարության որոշումներով, 2006 թվականի կառավարության որոշումն է, որով կառավարությունը նպատակահարմար գտավ Նաիրիտի բաժնետոմսերը հանձնել «Ռայնովիլ» ընկերությանը: Տիգրան Սարգսյանը նշեց, որ հասկանալի է, որ 2006 թվականին ինքը չէր կարող այդ որոշումը կայացնել: Եվ, նրա խոսքով, քաղաքական շահարկման նպատակ է հետապնդում այն, որ այդ մեղադրանքը կապում են իր անվան հետ: Վարչապետի խոսքով՝ փաստը մնում է փաստ, որ այդ մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում:

Նա նշեց՝ կարծում է, որ Նաիրիտի հարցով հանձնաժողով պետք է ստեղծել: «Ես դրանում շահագրգռված եմ և կարծում եմ պետք է ստեղծել այն բանից հետո, երբ որ կավարտվեն մեր բանակցությունները Ռոսնեֆտի հետ, և արդեն հստակ պատկերացում կունենանք, թե այդ ներդրումներն ինչ հետևանքներ են ունենալու Նաիրիտի ու գործարանի աշխատողների առնչությամբ:

Անդրադառնալով գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքին՝ վարչապետը նշեց, որ բացարձակ սուտ է այն տեղեկատվությունը, որ տարածվում է իր եղբոր վերաբերյալ, թե նա մեծ գումարներ է ստացել աշխատանքից ազատվելուց հետո: Ավելին, ըստ նրա, իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, որ իբր այդ մասին Նաիրիտ գործարանը համապատասխան տեղեկատվություն չի տրամադրել զանգվածային լրատվական միջոցներին: Նա նշեց, որ գործարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցով լրագրողները պետք է դիմեն էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:

 

Տեսանյութը՝ YerevanNews.am