YerevanNews.am-ը  ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ զրույցում փորձեց պարզել, թե բանակաշինության ի՞նչ մոդելով է զարգանում ՀՀ Զինված ուժերը, արդյոք մենք ստեղծել ենք մեր մոդելը և որքանո՞վ ենք ուսումնասիրել բանակաշինության այլ երկրների փորձը:

ՀՀ-ում շուտով ընդունվելու է ռազմավարական զարգացման երկրորդ պլանը, որն իր մեջ արդեն իսկ ներառելու է աշխարհի արևելյան և արևմտյան մոդելների սինթեզավորված տարբերակը: Բանակաշինությունը շարունակական գործընթաց է և կանգնել չի կարող:

Մի բան հստակ է, որ փոքր երկրները ինչքան էլ սեփական մոդել ունենան, ռազմական գիտության շարժիչ ուժը հանդիսանում են գերտերությունները: Փոքր երկրները միշտ ստիպված են սինթեզել ու տեղայնացնել խոշոր պետությունների փորձը: Տեղայնացման առումով, մենք բավականին մեծ աշխատանք ենք կատարել, բայց և այնպես, այսօր շատ ու շատ ստորաբաժանումների կառուցվածք, մարտավարական լուծումներ, համագործակցություններ, կառավարման հայեցակարգային հարցեր շատ դեպքերում զուտ մերն են: Որպեսի դատարկ խոսքեր չհնչեն, Ա. Հովհաննիսյանը բերեց  մեկ օրինակ.

Դեռ արցախյան պատերազմի ժամանակ, չնայած մեր բանակը կազմավորված էր խորհրդային մոդելով, սպայական կազմը, այսինքն բանակի ‹‹ճարտարապետները›› խորհրդային կրթություն ստացած զինվորականներ էին, կազմակառուցվածքային շատ ու շատ հարցեր արդեն ազգային էին, ո'չ խորհրդային, և ո'չ էլ արևմտյան` ելնելով ըստ իրավիճակից և ունեցած միջոցներից: Մասնավորապես լավագույն օրինակներից մեկը պաշտպանական բանակի պաշտպանական շրջաններն էին, որոնք ոչ մի այլ երկրի որևէ այլ ստորաբաժանման կամ այլ զորամիավորման հետ համեմատել չենք կարող: Այն բավականին կենսունակ ու բավականին հաջողված էր:

Ա. Հովհաննիսյանի խոսքերով, այս մոդելը այս կամ այն չափով նման է 7-8 տարի դրանից հետո ԱՄՆ-ում ստեղծված աերոմոբիլ բրիգադներին:

Հ.Գ. Այսինքն, այն ինչ մենք մեր կյանքի փորձով տեսել ու հասկացել էին, աշխարհի գերտերությունները դրան հասել էին ավելի ուշ:

Հեղինակ Իզոլդա Սարգսյան