«Հրապարակ»-ը գրում է. «Շաբաթ օրվա ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը շատ կարճ-կոնկրետ է եղել: Նիստն էլ շատ կարճ է տևել: Մեր տեղեկություններով, մինչ նիստը նա կասեցրել է Հովիկ Աբրահամյանի կադրային ծրագրերը: Ի դեպ, եթե Արմեն Աշոտյանն իրերը հավաքել էր ԿԳՆ-ից՝ վստահ, որ այլևս նախարար չի աշխատելու, Վարդան Այվազյանն էլ իրերը հավաքած է եղել՝ նախարար աշխատելու համար: Աշոտյանի մասով Արգամիչը, ինչպես տեղեկացրեց ՀՀԿ մեր աղբյուրը, ցանկացել է ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարի պաշտոնը. մոտ ժամանակներս որևէ մեծամասնական ընտրատարածքից ընտրվելուց հետո, իսկ Վարդան Այվազյանի համար նախատեսած է եղել էներգետիկայի նախարարությունը: ԳՄ-ին ներկայացած Սերժ Սարգսյանը մտել-ասել է՝ ի՞նչ եք կարծում՝ Գալուստին առաջարկում եմ ԱԺ նախագահ, փորձառու է, նորմալ կաշխատի: Ծերերը գլուխները տմբտմբացրել են, մթոմ լավ կարծիքի են:
Հետո բացվել է պետաիրավականի ու ԵԽԽՎ-ի հարցը: Բանն այն է, որ բավական լուրջ լոբբինգ է արված եղել, որպեսզի ԵԽԽՎ-ն ղեկավարի Արփինե Հովհաննիսյանը: Սերժ Սարգսյանն առաջարկել է Հերմինե Նաղդալյանին:
Ի դեպ, մեր աղբյուրը չբացառեց, որ Արփինե Հովհաննիսյանը դառնա արդարադատության փոխնախարար: Բանն այն է, որ Հրայր Թովմասյանի նախարար մնալու դեպքում Դավիթ Հարությունյանն ու Հովիկ Աբրահամյանը կնախընտրեն աշխատել ոչ այնքան Հրայրի, որքան Արփինեի հետ, որովհետև Հրայր Թովմասյանի սիրուն աչքերը նրանց դուր չի գալիս, իսկ Արփինեի մասին Դ. Հարությունյանն առիթը բաց չի թողնում ասելու՝ տաղանդավոր աղջիկ է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: