Աշխարհագրագետ Լորան Շալարը Le Figaro թերթում գրում է. «2014թ. Ուկրաինական ճգնաժամը արդեն իսկ կարելի է համարել նոր աշխարհաքաղաքական դարաշրջան եվրոպական մայրցամաքի համար, որը սկիզբ է առել 1989թ.-ին՝ երկաթե վարագույրի վայր ընկնելուց հետո: Այդ գործընթացներին հաջորդեց Կոսովոյի անկախացումը 2008թ.-ին»,- թերթից հատված է մեջբերում Inopressa.ru կայքը: Հոդվածագիրը նաև հավելում է. «Վերածնված ռուսական կայսրությունը խնդիր է դրել վերադարձնել նախկին սահմանները, իսկ ռուսական ռազմավարությունը բաժանված է երկու մասի: Վերջնարդյունքում այն նպատակ ունի ՌԴ-ն վերածել մի երկրի, որը գերիշխելու է մայրցամաքում»:
Գիտնականն իր հոդվածում նաև գրում է, որ առաջին ռազմավարական քայլը Ռուսաստանի ժողովրդագրական զանգվածի ավելացումն է. «Որպես վառ օրինակ կարող է համարվել Ուկրաինան, որտեղից ՌԴ-ն նպատակ ունի իր բնակչությունն ավելացնել 21,5 մլն-ով, որոնցից 8 մլն-ը էթնիկ ռուսներ են: Ռուսաստանը նաև հաշվարկում է բնակչության քանակը մեծացնել իմիգրացիայի միջոցով, որի շարքին կարող ենք դասել Եվրասիական միության ստեղծումը, այսինքն` նա ցանկանում է իրականացնել Կովկասի բնակչության արտահոսքը (16 մլն, որոնցից 3,5 մլն-ը ռուսներ են): Մոտ 200 մլն-ի հասնող բնակչությամբ Ռուսաստանը մեծ կշիռ կունենա եվրոպական երկրների համեմատ»,- նշվում է հոդվածում:
Լորան Շալարը նաև հավելում է. «Ռուսական ռազմավարության երկրորդ էլեմենտը կարելի է համարել նրա ձգտումը թուլացնել եվրոպական մրցակիցներին` փորձելով փոքրացնել նրանց տարածքներն անջատողական շարժումների միջոցով: Ինչքան շատ Եվրոպան կկիսվի բազմաթիվ պետությունների, այնքան 200 մլն բնակչություն ունեցող երկրին ավելի հեշտ կլինի թելադրել սեփական որոշումները»,- գրում է Շալարը: Ըստ գիտնականի` Ռուսաստանը կառաջնորդվի «մասնատել և տիրել» սկզբունքով: