ԱԳՆ շենքը հանրապետական հուշարձան է, մինչդեռ կառավարությունն այն այսօր ազատ կարող է վաճառել, քանի որ շենքը նրա սեփականությունն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ճարտարապետ Սաշուռ Քալաշյանը և հավելեց. «Հուշարձանների պահպանության մասին ՀՀ օրենքում հստակ շարադրված են հուշարձանների դասակարգումները: Այստեղ նշված է շատ կարևոր մի կետ, որի համաձայն յուրաքանչյուր հուշարձան պետք է ունենա պահպանողական պարտավորագիր: Ցավոք, այսօր գրեթե ոչ մի հուշարձան պահպանողական պարտավորագիր չունի: Բացառություն չի կազմում նաև ԱԳՆ շենքը»:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մտավախություն հայտնեց, որ շենքը վերակառուցվելուց հետո լրիվ կկորցնի իր տեսքն ու նշանակությունը. «Եթե մեր աչքի առաջ չլիներ Երիտասարդական պալատի և Փակ շուկայի օրինակները, ապա մենք այսքան չէինք մտահոգվի: Նման գործարքները կատարվում են անգիտակցաբար: Պարզապես մեր կառավարության մոտ չկա «հուշարձան» կոչվածի ընկալումը»,-հավելեց Մինասյանը:
Ինչ վերբերում է ճարտարապետների հետագա քայլերին, ապա Մկրտիչ Մինասյանը նշեց, որ իրենք կառավարության դեմ ոչ մի քայլ չեն կարող ձեռնարկել, մինչդեռ իրենց պարտքն են համարում տեղեկացնել ու զգուշացնել հասրակությանը մշակութային արժեքների վերացման մասին: