«Առավոտ» թերթի խմբագրականում կարդում ենք.

«Երբ մարդ շատ փող ունի, բայց չունի մշակութային ճիշտ կողմնորոշիչներ, իսկ մյուս կողմից՝ նաև ցանկանում է, որ բոլորն իմանան իր հարստության մասին, ինչպե՞ս է նա սովորաբար վարվում: Նա ընտրում է փող ծախսելու «էքստրեմալ» ձևը: «Էքստրեմալ» ոչ թե սովորական իմաստով՝ նա չի թռնում պարապլանով և չի բարձրանում Արագածի գագաթը: «Էքստրիմը» տվյալ դեպքում այն ծայրահեղությունն է, որը, իբր, միայն նա կարող է իրեն թույլ տալ: Օրինակ՝ ոսկե զուգարանակոնք է դնում կամ ամենահայտնի, ամենաթանկ նկարչին պատվիրում է իր մեծադիր նկարը՝ Նապոլեոնի եռանկյունաձև գլխարկով: Կամ պատմում է իր նման ընկերներին ՝ «արա ախպեր, էն օրը փագինք Գառնին (Գեղարդը, Զվարթնոցը, Էջմիածնի Մայր տաճարը), մի կտոր հաց կերանք ու մի լաավ տժացինք»: Յուրահատուկ «Էքստրիմ» է: Կամ, ինչպես ռուսներն են ասում, «бандитский шик»: Ավազակային ճոխություն: Սենեկան հրաշալի աֆորիզմ ունի: «Լկտիությունը,-ասում էր նա,- սխալ հասկացված մեծության նշան է»:Այդպես ցանկացած գերտերություն, առանց որևէ իրավական հիմքի, զինյալներ է ուղարկում այլ երկրներ կամ էլ ակտիվացնում է «տեղական զինյալներին»՝ իրեն հարմար ռեժիմ հաստատելու համար: Այդպես ցանկացած օլիգարխ առանց որևէ փաստաթղթի քանդում է ցանկացած իրեն դուր չեկող շենք և կառուցում իրենը: Պաշտոնյաների և պատգամավորների «բալաները» անարգել կրակում են փողոցներում: Նման գործելաոճը հաճախ տրամաբանական բացատրություններ չունի: Պարզապես իրենց սխալ հասկացված մեծությունն ապացուցելու միջոց է»: