Շարունակվում է Շանթ Հարությունյանի գործը: Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը 2013թ.-ի նոյեմբերի 5-ին իր համախոհների հետ երթ էր սկսել դեպի նախագահական նստավայր: Ոստիկանները փորձելով կանգնեցնել երթը հանգեցրել էին բախումների, որոնց արդյունքում էլ ձերբակալվել էին Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները:
Այսօրվա դատական նիստի ժամանակ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Լիպարիտ Պետրոսյանն հարց ուղղեց տուժող ճանաչված ոստիկանին, թե հատկապես ինչ մարմնական վնասվածք է ստացել նա: Հարցադրումների արդյունքում պարզվում է, որ ոստիկանը ստացել է «լուրջ» վնասվածք. արցունքաբեր գազի պատճառով նրա աչքերը մռմռացել ու արցունքոտվել են:
Ոստիկանից պատասխան չստանալով՝ ամբաստանյալի աթոռին նստած քաղաքացին վրդովված հարցրեց. - «Դուք կարծում եք, որ Ձեզ իրական տուժող համարելը ճի՞շտ է, քանի որ Ձեր աչքերը արցունքոտվել են»:
Սակայն դատավորը հարկ համարեց նշել, որ այս հարցին պետք է պատասխանի նախաքննական մարմինը, ոչ թե դատարանում ցուցմունք տվող ոստիկանը:
Փաստորեն, ներկայումս ՀՀ-ում միայն «արցունքոտ աչքերը» բավական են տուժող ճանաչվելու համար: