Երևանը բնակեցված է եղել դեռևս հնագույն ժամանակներից: Մարդն այստեղ ապրել է հազարամյակներ շարունակ: Հնագիտական պեղումներից հայտնաբերված հնագույն բնակավայրը Շենգավիթն է, որը թվագրվում է մ.թ.ա. IV-II հազարամյակներով: Նրան հաջորդում են Ծիծեռնակաբերդը, Կայարանամերձ հրապարակը, Ավան, Զեյթուն թաղամասերը (մ.թ.ա. II հազ. I կես. ), Կարմիր Բերդը ( II հազ. վերջ), Էրեբունին (մ.թ.ա. VIII դար ), Թեյշեբաինին (մ.թ.ա. VII դար), Ավան-Առինջը (մ.թ.ա. II-I դդ.) և այլն: Մ.թ. I-II դարերում Երևանի զարգացումն ընթացել է դեպի Կայարանամերձ հրապարակ (Մուխաննաթ թափա) և Կոնդ: IV-V դարերում քաղաքի կենտրոնն են դառնում Կոնդը և Հին Երևանը (Շահար): Դրա մասին վկայում են Երևանի տարածքում կատարված հնագիտական պեղումների ժամանակ, ինչպես նաև պատահաբար հայտնաբերված նյութերը:

Էրեբունի-Երևանի մասին առաջին գրավոր հիշատակությունը մ.թ.ա. 782 թ. Արգիշտի Ա-ի (մ.թ.ա.786-764) արձանագրությունն է Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին:
Երևանի մասին հաջորդ գրավոր հիշատակությանը հանդիսանում է հույն աշխարհագիր Կլավդիոս Պտղոմեոսի (II դար) ութ հատորանոց «Աշխարհագրություն» աշխատութունը (ենթադրվում է, որ հատորնեին կից եղել են քարտեզներ, որոնք չեն հասել մեր օրերը): Հայաստանին վերաբերող տեքստը հինգերորդ բաժնում է և բաժանվում է երկու մասի: Մեծ Հայքի մասին գրված է «Ասիայի երրորդ քարտեզում» (85 տեղանուն), իսկ Փոքր Հայքի մասին` «Ասիայի առաջին քարտեզում» (79 տեղանուն): Մեծ Հայքի հայտնի բնակավայրերի շարքում նշվում է նաև Terva կամ Terua բնակավայրը 78. 41 կոորդինատներով, որը շատ ուսումնասիրողներ նույնացնում են Երևանի (446. 40 կոորդինատներ) հետ:

Իսկ այժմ անդրադառնանք մի շարք քարտեզների: Իտալացի Բոնոնիի կողմից մագաղաթի վրա պատկերվել է Պտղոմեոսի «Աշխարհագրության» ատլասը, որը տպագրվել է 1482 թ. Հռոմում: Ատլասի պայմանական անուն կրող «Քարտեզ 17-ում» ներկայացված են Մեծ Հայքի և Փոքր Հայքի Պտղոմեոսի աշխատության մեջ նշված բնակավայրերը, ընդ որում Մեծ և Փոքր Հայքերը նշված են միասին, մեկ էջի վրա (քարտեզ 1, քարտեզներն ըստ Ռ. Գալչեանի, «Հայաստանը համաշխարային քարտեզագրության մեջ» աշխատության, Երևան, 2005), ինչը չենք տեսնում այլ քարտեզներում: Քարտեզում նշված են հայոց Տուշպա (Վան), Տիգրանակերտ, Արտաշատ, Արմավիր, Արտամետ, Նաքսուանա (Նախիջևան), Մելիտենա (Մալաթիա) և այլ բնակավայրեր, որոնց թվում նաև Terva բնակավայրը:

1578 թ. տպագրվել է Ջ. Մերկատորի կողմից պատրաստված «Մեծ Հայքի, Իբերիայի, Կողքիսի և Ալբանիայի» քարտեզը: Ինչպես նախորդ դեպքում, այստեղ էլ Հայաստանի շատ բնակավայրերի շարքում նշված է Terua բնակավայրը. 

Հաջորդ քարտեզը 1597-98 թթ. Վենետիկում Ջ. Մաջջինիի հրատարակած «Ասիայի III Աղիւսակ» քարտեզն է: Կարևորագույն քաղաքների շարքում, դարձյալ նշված է Terua բնակավայրը:

Շարունակելի...