Ըստ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի. «առաջին բլեֆը», որը փորձ է արվում մատուցել՝ ամբողջովին նոր Սահմանադրություն է, որի հիմքում ընկած է խորհրդարանական կառավարման մոդելը. «Սահմանադրական փոփոխություններն արվում են միայն մեկ բանի համար, որ «գերագույն խորհրդի» նախագահը հավերժ իշխի, ինչը մենք թույլ չենք տա»:

Րաֆֆի Հովհաննիսյանը ևս գոհ չէ կատարվելիք փոփոխությունների համար. «Հարց է ծագում, թե նշանակովի նախագահի՝ յոթ տարով պաշտոնավարելու դեպքում ուր կհասնենք, և եթե առաջարկվող փաստաթուղթը գոյություն ունենար այսօր, ի՞նչ կփոխվեր քաղաքացու կյանքում: Եթե այսօր մենք Սահմանադրությամբ ունենք իմպերատիվ նորմ, ըստ որի Հայաստանի ինքնիշխանությունն անօտարելի է, ապա, որքան հասկանում եմ, փոփոխությամբ նման հարց կարող է դրվել հանրաքվեի և պատկերացրեք այսօրվա ընտրական մեխանիզմներով մենք կներկայացնենք Հայաստանի ինքնիշխանության սահմանափակության հարցը՝ հանրաքվեով»:

Սահմանադրության փոփոխություններին նախկինում բացասական արձագանքող «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր՝ Արծվիկ Մինասյանը, այսօր փորձեց արդարացնել Դաշնակցության փոփոխական որոշումները. «Ես համաձայն եմ, որ բազմաթիվ դրույթներ կան, որ չեն իրագործվում, բայց դրա պատճառն այն չէ, որ իշխանություններն ապաշնորհ են, այլ որ այդ դրույթներից շատերը հռչակագրային են: Իսկ մենք ի՞նչ ենք ցանկանում: Մենք պետք է պահանջենք և պարտադրենք մեր ուզած փաթեթը»: Արծվիկ Մինասյանը ավելացրեց նաև, որ անկախ մարմնի գոյություն պետք է լինի, առանց որի ազատ ու արդար ընտրությունների մասին խոսք անգամ գնալ չի կարող. «Այո՛, անհրաժեշտ են սահմանադրական մակարդակում փոփոխություն»: