Հայաստանում «Բաց երկնքի» քաղաքականության դրական և բացասական կողմերի մասին մամուլում արդեն բավական շատ է խոսվել։ Չնայած փորձագետների այն պնդումներին, որ Հայաստանի պես աշխարհաքաղաքական միջավայր ունեցող երկրների համար ավիացիայի շուկայի կարգավորման նման մոտեցումները հղի են մի շարք վտանգներով, այնուամենայնիվ պատկան մարմինները վստահ են, որ «Բաց երկնքի» քաղաքականությունը նպաստում է ավիացիոն բիզնեսի զարգացմանը։ Որպես հիմնական փաստարկ նշվում է այն հանգամանքը, որ միմյանց միջև մրցակցող ավիաընկերություններն իջեցնում են մատուցվող ծառայությունների գները։

Բանը նրանում է, որ հաճախ ավիատոմսերի գներն իջել են ոչ թե «Բաց երկնքի» քաղաքականության արդյունքում, այլ ավիաընկերությունների անարդար'դեմպինգային մրցակցության հետևանքով։ Այսպես, ռուսական այնպիսի ավիաընկերություններ, ինչպիսիք են UTair-ը կամ «Աէրոֆլոտը», Ռուսաստանի մի շարք քաղաքներից դեպի Երևան տոմսերի գինն այնքան էին իջեցրել, որ այլ ավիաուղիներ ստիպված էին հրաժարվել այդ ուղղությունների սպասարկումից։ Ընդ որում, մրցակիցներին դաշտից դուրս բերելու իրենց մղման մեջ ռուսաստանյան ավիաընկերությունները հաճախ գործում էին ի վնաս սեփական շահերի։ Օրինակ, Սոչիից, Կրասնոդարից և Մինվոդիից Երևան միակողմանի թռիչքի համար 38 եվրոյով ավիատոմսեր առաջակող UTair ընկերությունն ստիպված էր ինքը դադարեցնել հիշատակված ուղղություններով թռիչքները։ Արդյունքում նշված քաղաքներից դեպի Երևան ավիափոխադրումներում գրեթե մոնոպոլ դիրք է ստացել ռուսաստանյան մեկ այլ ընկերություն' «Աէրոֆլոտը»։ Վերջինս էլ, բնականաբար, արդեն օգտվում է իր գերակա դիրքից և ուղևորներին կրկին թանկ գնով տոմսեր առաջարկում։

Times.am-ի թղթակիցն այսօր փորձեց ճշտել Ռուսաստանի մի շարք քաղաքաներից դեպի Երևան Աէրոֆլոտի առաջարկած գները և ստացանք հետևյալ պատկերը.

Ուղղություն       Ամսաթիվ   Գին
Ռոստով-Երևան  22.09.14    288 եվրո
Ռոստով-Երևան 24.09.14    123 եվրո
Ռոստով-Երևան 25.09.14    99 եվրո
Ռոստով-Երևան 30.09.14    61 եվրո

Սոչի-Երևան 20-21.09.14    254 եվրո
Սոչի-Երևան 22-24.09.14    154 եվրո

Սոչի-Երևան 26-30.09.14    129 եվրո
Սոչի-Երևան 07.10.14         104 եվրո

Կրասնոդար-Երևան 07.10.14   129 եվրո

Կրասնոդար-Երևան 09.10.14   59 եվրո

Մինվոդի-Երևան 22.09.14     69 եվրո
Մինվոդի-Երևան 25.09.14     69 եվրո
Մինվոդի-Երևան 29.09.14     69 եվրո

Նշենք, որ գները ներկայացված են առանց հարկերի և ավելնորդ գանձումների։ Ավիատոմսերի գների աճն ավելի պատկերավոր դարձնելու համար նշենք, որ գարնան և ամռան ամիսներին Ռոստովից Երևան ավիատոմսն առաջարկվում էր 48 եվրոյով։ Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան տոմսերն արժեին 38 եվրո։ Ստացվում է, որ օգտվելով «Բաց երկնքի» քաղաքականության ընձեռած հնարավորություններից, ավիաընկերությունները պարզապես շուկայից դուրս են մղում իրենց մրցակիցներին, այնուհետև գրեթե մոնոպոլ դիրքերից ուղևորներին թելադրում իրենց կամքը։

Հետաքրքիր է նաև նշել, որ Հայաստանի ավիափոխադրումների գրեթե կեսն իրականացնում են ռուսաստանյան երկու հիշատակված ավիաընկերությունները։ Այս փաստը վկայում է միայն այն մասին, որ ոլորտը մեր երկրում չի զարգանում։ Դրա խոսուն ապացույցն է նաև այն հանգամանքը, որ եվրոպական ավիաընկերությունները շարունակում են պակասեցնել թռիչքները դեպի Երևան։ Մենք արդեն տեղեկացրել էինք, որ «Չեխական ավիաուղիները» շուտով կդադարեն թռչել դեպի Երևան։ Times.am-ի տեղեկություններով Ավստրիական ավիաուղիները» մտադիր են կրճատել թռիչքների քանակը։ Նույնը վերաբերվում է նաև լեհական «LOT»-ին և եվրոպական այլ ավիափոխադրողներին։ Այսպիսով ձմռան ամիսներին հայաստանյան ուղղությունը կսպասարկեն եվրոպական ընդամենը չորս ավիաընկերություն' «Ավստրիական ավիաուղիները» (շաբաթական չորս թռիչք), «AlItalia»-ն (շաբաթական երկու թռիչք), «Air France»-ը (շաբաթական երկու թռիչք) և լեհական LOT-ը (շաբաթական երկու թռիչք)։ Ընդհանուր առմամբ' շաբաթական ընդամենը տաս թռիչք։

Նման վիճակագրությունը չի կարող որպես ահազանգ չհնչել։ Այն վկայում է ոլորտում հասունացող խորը ճգնաժամի մասին։ Եվ դա այն պարագայում, երբ Կառավարությունն ու պատկան մարմինները շարունակում են գովերգել «Բաց երկնքի» քաղաքականությունը։