ԱՄՆ-ն ցավում է Ադրբեջանի կողմից հայկական ինքնաթիռի ոչնչացման հետևանքով զոհվածների համար և ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ ընդ որում հրաժարվելով խոստովանել, որ հրադադարի ռեժիմի խախտողը Ադրբեջանն է:

Ի պատասխան հարցին՝ ԱՄՆ-ն մտահո՞գ է, արդյոք, Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի ոչնչացմամբ, և այդ երկու երկրների կառավարությունների հետ կապ պահպանո՞ւմ է, Փսակին ասել է. «Մենք տեղյակ ենք տեղի ունեցածի շուրջ և ցավում ենք շփման գծում կործանված ուղղաթիռի անձնակազմի համար և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ու վիրավորների հարազատներին: Այս իրադարձությունը ևս մեկ անգամ հիշեցնում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ երկու կողմերի հետ նվազեցնել լարվածությունը, և ինչպես գիտեք, մենք երկու երկրներում ունենք դիվանագիտական ներկայություն, սակայն ես տեղեկություններ չունեմ այս կոնկրետ միջադեպի գործով փոխգործակցության առկայության մասին»:

Ինչ վերաբերում է հարցին, թե Օբամայի վարչակազմը ինչ կարող է անել լարվածությունը նվազեցնելու համար, Փսակին հայտարարել է. «Որպես Մինսկի խմբի համանախագահ մենք փոխգործակցում ենք երկու կողմերի հետ և մեր դիրքորոշմամբ, նրանք պետք է կրկնակի ավելացնեն խաղաղ բանակությունների վերադառնալու ջանքերը: Եվ, բնականաբար, հետագա բռնությունը, լարվածության էսկալացիան չեն կարող օգնել այդ ջանքերին, սակայն մենք մեր ակտիվ աշխատանքները, որպեսզի տեսնենք մոտենում ենք արդյոք լուծմանը»:

Ի պատասխան հարցին, թե ճանաչո՞ւմ է, արդյոք Փսակին, որ հենց Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը, ինչպես նաև խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների մեկը՝ ուժի չկիրառման սկզբունքը, պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է: «Ես չունեմ իրականում տեղի ունեցածի շուրջ վերլուծություն: Ակնհայտ է, որ երկու կողմերից կան պահանջներ և մեկնաբանություններ, սակայն ես ոչ մի վերլուծություն չունեմ»: Ինչին ի պատախան լրագրողը հայտարարել է, որ Ադրբեջանն է խոցել հայկական ինքնաթիռը, ուստի բավականին հստակ է, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը: «Մենք հասկանում ենք, որ երկու կողմերն ունեն իրենց կարծիքները, սակայն այդ կապակցությամբ ես ԱՄՆ-ի կառավարությունից որևէ մեկնաբանություն չունեմ», - պատասխանեց Փսակին՝ հավելելով, որ նոր տեղեկություններ ունենալով միայն հնարավոր կլինի վերադառնալ այդ խոսակցությանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում,  ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: