Ստրասբուրգում շարունակվում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Թեև նստաշրջանի օրակարգում ընդգրկված չեն Հայաստանին առնչվող սկզբունքային հարցեր, այդուամենայնիվ, մեր պատվիրակները ակտիվորեն մասնակցում են քննարկումներին և օգտագործում յուրաքանչյուր առիթ` բարձրացնելու Հայաստանի համար օրակարգային խնդիրներ:
ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը, որը ժամանակի սղությամբ պայմանավորված, թեև չի հնչեցվել, բայց գրավոր կերպով Վեհաժողովին է ներկայացվել` ուշադրություն հրավիրելով ցեղասպանության 100-րդ տարելիցի, Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից պատմության հետ առերեսվելու ցանկության բացակայության, թուրքական դիվանագիտության պատմական զեղծարարության և դրանից բխող մտահոգությունների շուրջ:
Ներկայացնենք ելույթն ամբողջությամբ:
«2015 թվականի ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, բայց 100 տարին բավարար ժամանակ չի եղել, որպեսզի Թուրքիան կարողանա ճանաչել ու առերեսվել իր պատմության հետ, պաշտոնապես ընդունի իր պատմության այդ էջը ու իրականությանն ադեկվատ գնահատական տա: Անգամ այն դեպքում, որ ցեղասպանության կազմակերպիչներին առաջինը դատել ու դատապարտել է թուրքական ռազմական դատարանը 1919 թվականին:
Սխալվում են բոլոր նրանք, ովքեր հայերիս ցեղասպանությունը համարում են հայկական խնդիր: Մարդկության դեմ գործված որևէ ոճիր ոչ միայն վաղեմության ժամկետ չունի, այլև վերաբերում է ողջ մարդկությանը: 100 տարի շարունակ ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ձգտող հայերը անձնական խնդիր չեն լուծում: 2015-ը ոչ թե հայերիս, այլև ամբողջ աշխարհի համար հստակ սահմանագիծ է՝ մի կողմում նրանք են, ովքեր կարևորում են ճշմարտությունն ու համամարդկային արժեքները, ապրելու բնական իրավունքը, որ ամրագրված է մարդու իրավունքների կոնվենցիայում, ովքեր խնդիր ունեն կանխել մարդկության դեմ գործվող հնարավոր այլ ոճիրները:
Մյուս կողմում նրանք են, ովքեր գիտեն ու գիտակցում են և’ ճշմարտությունը, և’ պատմական իրադարձությունների անշրջելիության փաստը, բայց առաջնորդվում են օրվա քաղաքականությամբ, քաղաքական բարեհարմարությամբ ու խուսափում են հարաբերությունները վտանգել ժամանակակից Թուրքիայի հետ: Իրավունք ունե՞նք մենք ակնկալել, որ ցեղասպանության 100-ամյա տարելիցը Թուրքիայի Հանրապետությունում կարող է սեփական պատմության ընդունման հարցում փոփոխություններ բերել: Եվ այո, և ոչ: Այո, որովհետև ժամանակակից Թուրքիան մեծ ու հզոր պետություն է, որի քաղաքացիները հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո սկսել են իրենք իրենց հարցեր տալ ու որոնել այդ հարցերի պատասխանները ոչ պաշտոնական պատմության ու գաղափարախոսության մեջ, որովհետև ժամանակի մեջ ավելանում է Նոբելյան մրցանակի դափնեկիր թուրք գրող Օրհան Փամուկի նման մտածողների թիվը: Ոչ, որովհետև Թուրքիայի կառավարողները շարունակում են հերքել ցեղասպանության փաստը, նրանց շարունակում է առաջնորդել վախը և այն գիտակցությունը, որ սեփական ոճիրն ընդունելը թուլության նշան է:
2014-ի օգոստոսին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը Թուրքիայի նախագահին հանձնեց 2015-ի ապրիլի 24-ին Երևանում լինելու ու ցեղասպանության զոհերի հիշատակը միասին հարգելու՝ ՀՀ նախագահի հրավերը: Վեց ամիս թուրքական դիվանագիտությունը պատասխան էր որոնում և գտավ ևս մեկ պատմական զեղծարարության՝ Գալիպոլիի ճակատամարտի ժամկետները կեղծելու ճանապարհով:
Օրացույցի հետ խնդիրները, սակայն, ոչինչ են՝ համեմատած թուրքական դիվանագիտության հերթական խորամանկության հետ՝ թույլ չտալ, որ ապրիլի 24-ին Երևան գան ու ցեղասպանության զոհերին հարգանքի իրենց տուրքը մատուցեն այլ պետությունների ղեկավարները: Ինչպես նախագահ Էրդողանին իր պատասխան նամակում նշեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՛՛Մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»։