Գրեթե ամենուր կարելի է լսել ազգային արժեքների պահպանման մասին խոսակցություններ: Ազգի համար ամենակարևոր գաղափարը ազգային միասնության գաղափարն է, այսինքն՝ ազգային ինքնագիտակցությունը, իրեն ամբողջի մասնիկ զգալը։ Աստիճանաբար գոյանում է ինքնության ճգնաժամ ասվածը, որն էլ փորձ է արվում մեղմել արժեքների պահպանման մասին տարաբնույթ խոսակցություններով: Ազգային դաստիարակության, ազգայինը փոխանցելու և երիտասարդ սերնդի ազգային արժեքների գիտակցման կարևորագույն հարցերի մասին YerevanNews.am-ը զրուցեց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու հետ:

«Ես որպես արվեստագետ ուրիշ ձևով եմ մտածում, ես չեմ կարող մտածել ինչպես երիտասարդը, որովհետև այն ինչ-որ մնացել է մեր մշակույթի մեջ ես տեսել եմ ու թանկ եմ գնահատում։ Ազգային մշակույթը տարիք չի ճանաչում։ Կարևոր է, թե մարդ որտեղ է ծնվել, ինչ ակունքներ ու արմատներ ունի, ինչպես է դաստիարակվել։ Երիտասարդը մեղավոր չէ, որ օրորոցից մինչև մասնագիտություն ստանալը նրան ազգային արժեքներ չեն սովորեցնում»-, ափսոսանքով նշեց ազգագրագետը։

Ըստ նրա, ազգագրագիտական բազմաթիվ գրքեր կան, որ ոչ ոք չի բացում ու աչքի չի անցկացնում, բայց դրանց էջերում հսկայական գանձ կա։

«Մեր ազգային գրականության մեջ այնպիսի օրորոցայիններ, այնպիսի տողեր կան, որ մանուկներին դա է պետք սովորեցնել, ոչ թե օտարաշունչ ու ազգայինից հեռու բաներ։ Որքան էլ օտարաշունչ արժեքներ ներթափանցեն, միևնույն է, ազգն ունի գենետիկա ու լավագույն արժեքները պահպանվում են»,-ասաց Լուսիկ Ագուլեցին։

Ըստ ազգագրագետի՝ սերունդը սկսում է իր ազգայինից ենթագիտակցաբար հեռանալ ու մոտենալ մի մշակույթի, որը ոչ միայն մերը չէ, այլև՝ ցածրաճաշակ է։ Տիկին Ագուլեցին ասում է նաև, որ մեր անհատականությունը մենք դարեր շարունակ պահպանել ենք։ Եթե մենք այն ազգն ենք, որ կարող ենք պահպանել ուրեմն պարտավոր ենք նաև փոխանցել։

Ուրախությամբ փաստում է նաև, որ արդեն մի քանի տարի է հայերը սկսել են տոները համեմատաբար ճիշտ նշել։

«Սխալ նշելու պատճառներից մեկն էլ համարում է այն, որ մարդկանց չի բացատրվում, թե որն է ժողովրդական, որը հոգևոր տոնը։ Հայ կինը պիտի իր ընտանիքում զատիկը նշի, բայց չի տիրապետում բոլոր գեղեցիկ արարողություններին, իսկ եթե անգամ իրականացնում է որոշակի արարողակարգ, ապա մեծամասամբ իմաստը չգիտե»,- նշեց ազգագրագետը։

Ազգային արժեքների մեջ, Ագուլեցին հատուկ նշանակություն է տալիս երաժշտությանը։

«Պետք է ամեն ինչ անել, որ երիտասարդները չհեռանան Կոմիտասից, Առնո Բաբաջանյանից, բայց զուգահեռաբար սիրեն Մոցարտ ու Բախ։ Մոցարտ ու Բախ սիրողները պետք է Կոմիտասին պաշտեն։ Կոմիտաս սիրողը մտքեր չի արտահայտում, որը կարող է շեղել ազգային մտածողությունը»,- այսպես ավարտեց իր խոսքը Լուսիկ Ագուլեցին։

Անահիտ Կասամանյան