Հայկական երգարվեստի օտարացումը համարվում է մեր ժամանակների հիմնախնդիրներից մեկը։ Այսօր ազգային երաժշտական ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հասարակության մոտ նվազեցնում են ազգային արվեստի կարևորությունն ու դերը։ Ազգային երգ ու երաժշտության խնդիրների շուրջ YerevanNews.am-ը զրուցեց թատերագետ Լևոն Մութաֆյանի հետ, ով նշում է, որ ազգային երաժշտությունը՝ մտածողություն է:

«Ազգային երաժշտություն ասվածը գալիս է մեր արմատներից։ Պատահական չէ, որ Կոմիտասը, մեծ տեղ հատկացնելով ազգային երաժշտությանը, այն մաքրել էր այլ ազդեցություններից և դրսևորումներից»,- ասաց Մութաֆյանը։

Թատերագետը կարծում է, որ վերջին տարիներին ազգային երաժշտությունն աղավաղվել և դուրս է մղվել մեր կենցաղից։

«Մեզանից շատերին թվաց, թե արևմտյան մելիզմները, կամ թուրքաարաբական երաժշտության դրսևորումներ բերելով, մենք ավելի միջազգային ենք դառնում։ Այս ամենն աղքատացրեց մեր ազգային երաժշտությունը և պատկերացումները նրա մասին»,- ասաց Մութաֆյանը։

Ըստ նրա՝ ազգային երաժշտության ընթացքը մոլորվել և մատնվել է անորոշության, քանի որ չափից ավելի շատ են խեղաթյուրումները և չափից ավելի շատ են ուշադրության արժանանում «աստղերը», որը վնասում է մեր աշխարհընկալմանն ու տեսակին։

«Մենք մշտապես պետք է ձգտենք նոր ձևերի, նոր արտահայտչամիջոցների, բայց այդ ամենի արմատը պետք է ազգայինը լինի։ Ազգայինից պետք է գնանք հարստացումների, ոչ թե ուրիշներինը բերենք՝ օտարելով մերը։ Ես չեմ կարող պարտադրել, որ բոլոր ընտանիքներում Կոմիտաս լսեն։ Սա պարտադրանք չէ, բայց մեծ ցանկություն է։ Կոմիտասն ունի մաքրագործող ուժ։ Կոմիտասն օգնում է մեզ հասկանալ մեր երաժշտական ֆենոմենը»,- եզրափակեց Լևոն Մութաֆյանը։

Պատրաստեց՝ Անահիտ Կասամանյանը