«Հրապարակ» թերթը գրում է.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաժամանակ 3 վճիռ է կայացրել ընդդեմ մեր երկրի: Փաստաբաններ Արա Ղազարյանը, Լուսինե Սահակյանը, Արտակ Զեյնալյանը, Սեդա Սաֆարյանը, որոնք շնորհավորանքներ էին ընդունում, դեռ չէին հասցրել ծանոթանալ վճիռներին, բայց հայտնի է, որ պետությունը պարտավորվում է մոտ 75 հազար եվրոյի փոխհատուցում տալ տուժողներին: Ցավոք, այս գումարները դուրս են գալու ոչ թե անարդար դատավորների և դատախազների, այլ ՀՀ հարկատուների գրպանից: 3 վճիռներից մեկով ՄԻԵԴ-ը բավարարել է Արտաշես Դավթյանի գանգատը: Նրան 2003-2006 թթ. ապօրինաբար կալանքի տակ են պահել, զրկելով խնամքից և բուժօգնությունից, հասցրել են ծայրահեղ առողջական վիճակի:

Երկրորդ վճիռը ՀՀ Հելսինկյան կոմիտեի բողոքի հիման վրա է կայացվել: 2008թ. նոյեմբերին, Լևոն Գուլյանի մահվան տարելիցին, ակտիվիստները երթ կազմակերպեցին և մոմավառություն, ապա մեկ օր անց Երևանի քաղաքապետարանից մերժում ստացան, ինչը ՄԻԵԴ-ը գնահատեց որպես հավաքների ազատության իրավունքի և քաղաքացիների արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի սահմանափակում:

Երրորդ վճիռը, որով ՄԻԵԴ-ն ահռելի գումարի՝ 62 հազար եվրոյի փոխհատուցում է սահմանել տուժողների համար, վերաբերում էր 2004 թվականին տեղի ունեցած մի զարհուրելի դեպքի, որի մասին գրեթե չի գրվել: Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում սպանվել էր դեռահաս մի աղջնակ: Նրա մարմինը հայտնաբերել էին գյուղին մերձակա հորում: Ոստիկանությունը կալանավորել էր երեխայի դասընկերուհու մորը՝ Նարինե Նալբանդյանին, նրա ամուսնուն՝ Բագրատ Նալբանդյանին, և նրանց դստերը՝ Արևիկին, ապա, խոշտանգումների ենթարկելով, ստիպել խոստովանել սպանությունը: Նարինեն մինչ օրս նստած է: Նա դեռ 5 տարի ունի նստելու, դատապարտել էին 14 տարվա ազատազրկման: Իսկ 9 տարի ազատազրկման դատապարտված Բագրատ Նալբանդյանն ազատության մեջ է: Երեկ զրուցեցինք Նալբանդյանների փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ: «Եվս մեկ անգամ ԵԴ-ն արձանագրեց, որ մեզ մոտ դատական համակարգ չկա»,- ասաց նա»:

Ավելի մանարամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: