Եթե ազգի սերունդը գրագետ ու գիտակից է, պահպանում է ազգային երգն ու երաժշտությունը, ապա ոչ մի «չար» ուժ չի կարող խախտել կամ խանգարել ազգի «դեմք»-ն ու «Ես»-ը:
«Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, մշակութային գործիչ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա սերունդը տեղեկացված չէ ազգային երաժշտությունից, բայց ըստ նրա, սերնունդն այստեղ մեղքի իր բաժինը չունի:
«Սերունդը մեղավոր չէ, որ ինքը տեղյակ չէ ազգային երգ ու երաժշտությունից, մեղավորը՝ մեդիա դաշտն է: Իհարկե, կան բաներ, որ արվում են, բայց դա շատ քիչ է սերնդի դաստիարակման համար: Որպես քրիստոնյա ազգ, շատ քիչ են քարոզվում ազգային մտածելակերպը, նիստուկացը, մշակույթը և բացի քիչ լինելը, պետք է նշեմ նաև, որ այդ քարոզի մեջ ջանք չկա»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:
Ըստ նրա՝ այսօր ազգային երգն ու երաժշտությունը շատ վատ է մատուցվում:
«Եթե դուդուկից չես ստանում այդ ծիրանի ձայնը, ուրեմն արդեն անիմաստ է դուդուկ նվագելը, եթե դու քո բնական ձայնը չես կարողանում հնչացնել, ուրեմն անիմաստ է կատարելը: Կարելի է ասել, որ ջուրը կա, բայց դու այդ ջուրը պղտորում ես: Ցավոք սրտի, սա է ամենամեծ խնդիրը, շատերը բնական հնչեցնելուց և բնական կատարումից հեռացել են: Մի քանի դրամ վաստակելու համար, անցել են շինծու խաղերին: Այստեղ է, որ տեսնում ենք գրագիտության պակասը»,- ասաց «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավարը և հավելեց, որ մարդն այսօր իրեն ավելի շատ տեսնում է քեֆերի մեջ, քան արվեստի:
«Երբ բանը հասնում է նրան, որ սկսում ես գիտակցել, որ ամեն ինչ փչացրել ես, ուզում ես հետ բերել, բայց արդեն ուշ է լինում: Մենք շատ անգամներ ենք գիտակցել մեր սխալը, բայց ամեն անգամ ասել ենք. «լավ, ոչինչ, էսօր էլ թողնենք, վաղը հետ կբերենք»: Այդ գանձերին պետք է տիրություն անենք, պետք է խնամենք, հակառակ դեպքում նրանք աստիճանաբար հեռանում են մեզանից»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը: